Մատչելիության հղումներ

«Արևիկ» ազգային պարկում բռնկված հրդեհի տարածումը կանխված է


Սյունիքի մարզում գտնվող «Արևիկ» ազգային պարկում բռնկված հրդեհը մեկուսացված է, հրդեհի տարածումը՝ կանխված:

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի տեղեկացմամբ, փրկարարները դեռ աշխատում են, առանձին տեղամասերում մարմրող կոճղեր կան․ - «Գոտի առ գոտի ստուգելով անցնում են, շարժական միջոցներով կոտրում են մնացորդային ծառերի այրված բույները, վերջնական շիջում են անում»:

Նախնական տվյալով, այրվել է մոտ 10-12 հեկտար տարածք: Կրակը բռնկվել է երեկ, կեսօրից հետո Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում, հետո հասել «Արևիկ» ազգային պարկ:

«Այնքանով էր վտանգավոր, որ կարող էր հասնել «Արևիկ» ազգային պարկին», - ասաց Սյունիքի մարզային փրկրարական ծառայության բաժնի պետ Վիլեն Օվչյանը:

Պարկը ձևավորվել է 10 տարի առաջ Մեղիի, Զանգեզուրի լեռնաշղթաների լանջերին հազվագյուտ ու վտանգված բույսերի, կենդանիների պահպանության համար: Այս հրդեհից այրվել են գիհիներ և եղևնիներ, ազգային պարկի տարածքից մոտ 4 հեկտար: Վնասի չափը դեռ պետք է հաշվարկվի:

«Մոտավորապես 300-400 տարեկան գիհիներ են այրվել», - ասաց «Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը՝ հավելելով, որ կենդանական աշխարհը վնաս չի կրել:

Պարկի տնօրենն ասում է, որ հրդեհը հնարավոր եղավ մեկուսացնել արագ արձագանքման շնորհիվ։ Երեկ ուշ երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարն էր օպերատիվ նիստ հրավիրել:

Հրշեջ փրկարարների աշխատանքը տեղում օպերատիվ շտաբն է համակարգում, այն կգործի մինչև հրդեհի վերջնական մարումը:

Փփրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանն ասում է, որ արագ այրվող գիհիների ու ազգային պարկի նման անմատչելի տարածքներում աշխատելը հեշտ չէ․ - «Հրդեհաշիջման համար համապատասխան մուտքեր, ելքեր իհարկե չկար։ Շատ արագ արձագանքել են և կարողացել են մեկուսացնել»:

Առավոտյան պատրաստ է եղել նաև ուղղաթիռը դեպքի վայր մեկնելու համար, սակայն հրդեհի մեկուսացման տեղեկությունն ավելի շուտ է տեղ հասել:

Ինչի՞ց է ի վերջո բռնկվել այս հրդեհը: Հարցի վերջնական պատասխանը չկա, բայց Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը վստահ է, որ, ինչպես հրդեհների 99 տոկոսի դեպքում, այժմ էլ պատճառը մարդկային գործոնն է: Հրդեհի օջախը ճանապարհին մոտ է, մեքենայի պատուհանից նետած մի ծխախոտն էլ հերիք է:

«Եզակի դեպքերում է բնություն մեղավոր լինում հրդեհի առաջացման դեպքերում: Եվ այս պարագայում էլ ես ավելի քան վստահ եմ: Ամպամած չի եղել, կայծակ չի եղել», - ասաց Հովհաննես Խանգելդյանը:

Երկու տարի առաջ, ուղիղ այս օրը խոշոր հրդեհ էր բռնկվել Խոսրովի արգելոցում․ այս հրդեհի մարումը օրեր տևեց, այրվեց մոտ 3 հազար հեկտար տարածք: Խոսրովի անտառը դեռևս ինքնավերականգնման փուլում է:

Հանրային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը կարծում է, որ աշխարհով մեկ ծավալվող հրդեհների ֆոնին Հայաստանն էլ պետք է ուժեղացնի հսկողությունն անտառներում ու ազգային պարկերում․ - «Սկզբունքորեն մեր պահպանվող տարածքները շատ թույլ են վերահսկվում, որովհետև աշխատակիցները քանակը խիստ անբավարար է, աշխատավարձերը շատ ցածր է, շաբաթ-կիրակի այդ տարածքները գրեթե չեն վերահսկվում»:

Կարինե Դանիելյանը շեշտում է, թե Հայաստանը մոլորակի այն հազվագյուտ երկրներից է, որտեղ կենսաբազմազանությունը շատ բարձր է աշխարհի միջին ցուցանիշից․ այստեղ մեկ քառակուսի կիլոմետրի վրա մոտ 100 տեսակի բույս ու կենդանի կա, մինչդեռ աշխարհի միջինը 12-ն է:

Բնապահպանը ցավում է, որ պարզ քաղաքացիներից մինչև կառավարիչներ էկոլոգիական ցածր մշակութ ունեն, ինչի արդյունքը այս տարի կրկնապատկված հրդեհներն են ու նաև խոսուն այլ աղետները․ - «Ե՛վ Սևանի ծաղկումը, և՛ հատկապես արագիլների սևանալը որպես բնության ճիչ մեր ժողովրդին, որ Հայաստան, նայիր ինչ ես անում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG