Մատչելիության հղումներ

Անգլերենի իմացությունը 13 չափորոշիչներից ընդամենը մեկն է. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, որին մի խումբ դասախոսներ մեղարդում են գրագողության մեջ, ընդունում է, որ իր դոկտորական ատենախոսության տեսական մասում խնդիրներ կան՝ ընդծելով, որ հղումներ են բացակայել, սակայն գրագողության մեղադրանքները ճիշտ չի համարում:

32-ամյա Հայրապետյանը այսօր ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում արձանագրեց, որ իր ատենախոսության բուն հետազոտական մասը գիտական արժեք ունի, ինքը դրանք տպագրության է ուղարկել աշխարհի հեղինակավոր ամսագրերին։

Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով, իրեն գրագողության մեջ մեղադրողների շարքում կան մարդիկ, որոնք ընդհանրապես իրենց ատենախոսությունների հեղինակը չեն․ -

«Ցավոք, ոլորտը կարգավորող մեր օրենսդրությամբ գրագողություն հասկացություն չկա: Այն շահարկումները, որ կատարվում են կապված գրագողության և այլնի հետ, իրականում վերաբերվում են տեսական հատվածի այն գաղափարներին, մտքերին որտեղ հղումների հետ կապված խնդիրներ կան, կամ դրանք բացակայել են», - ասաց Հայրապետյանը:

Նա պնդում է, որ իր ատենախոսության բուն հետազոտական մասը գիտական արժեք է ներկայացնում, և դրանք տպագրության է ուղարկել աշխարհի հեղինակավոր ամսագրերին։

Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով, իրեն գրագողության մեջ մեղադրողների շարքում կան մարդիկ, որոնք իրենց ատենախոսությունների հեղինակը չեն․ - «Եվ քննադատում են, որ իմ ատենախոսության տեսական հատվածներում կան հղումների հետ կապված խնդիրներ, և այս ամբողջ խնդիրը ներկայացնում են էնպիսի քողի ներքո, որ բոլորը լսեն և ասեն՝ վայ, ատենախոսությունն արտագրված է: Հարգելիներս, պետք է կոնտեքստը հասկանալ: Մարդը, որը ամենաակտիվ բողոքողներից մեկն է, երբ որ ես թերթերից մեկին հարցազրույցի ընթացքում ասելի էի, որ գիտեմ, որ մարդիկ իրենց ատենախոսության հեղինակը չեն և էսպիսի պնդումներ են կատարում, նույն օրը գնացել է իր ատենախոսության հեղինակի մոտ՝ ճշտելու համար, թե արդյոք որևէ մեկը գիտի դրա մասին թե ոչ»:

Հայրապետյանի ատենախոսությունը քննարկումների թեմա դարձրին վերջինիս նախաձեռնած դասախոսական կազմի մրցույթի արդյունքում աշխատանքը կորցրած կամ ընդհանրապես մրցույթին չդիմած դասախոսները, որոնք պնդում են, որ մրցույթն ապօրինի է, ու արդեն դիմել են դատարան: Նրանք պնդում են, որ մրցույթը սխալ է անցակցվել, քանի որ որպես չափորոշիչ դիտարկվել է անգլերենի իմացությունը:

Հայրապետյանն այսօր հակադարձեց, որ չափանիշները 13-ն եղել, անգլերենի իմացությունն էլ ընդամենը մեկ միավոր է տվել․ - «Դրան զուգահեռ կան նաևշատ այլ չափանիշներ որոնք ստուգում են մասնագիտականը»:

Ռեկտորի պաշտոնակատարն ասաց, թե դասախոսները բողոքում են մրցութային կարգի հնարավոր սուբյեկտիվ գործոնների առկայությունից՝ կարծիք հայտնելով, թե սուբյեկտիվությունը թերության մասին չի խոսում․ - «Իրական թերությունն ու իրական բացթողումն այն է, երբ որ էդ սուբյեկտիվությունն ուղղակի 100 տոկոսանոց միտում է ունեցել նախկինում, երբ որ մրցույթի փոխարեն ամբիոնի վարիչները տարեցտարի սեփական կամքով ուղղակի որոշել են, որ դու ստանում ես այսքան դասաժամ, դու ստանում ես այնքան դասաժամ»:

Վերադառնալով ատենախոսության թեմային՝ Հայրապետյանն ընդգեց, թե ոլորտը կարգավորման կարիք ունի․ - «Պետք է կարգ մշակել, որտեղ ատենախոսները, իրենք համարելով նախկին օրինաչափությունները սխալ, սեփական կամքով կարող են հրաժարվել իրենց գիտական աստիճանից: Սա ինձ համար միակ լուծումն է»:

Հայրապետյանի ատենախոսությանն օրեր առաջ անդրադարձել էր նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ - «Համաձայն «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» համապատասխան դրույթի, «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։Փաստացի, ոչ մի տարբերություն չկա, թե աշխատանքի որ մասում հեղինակը չի նշում սկզբնաղբյուրները։ Չնայած այդ ամենին, խնդիր առկա է աշխատանքի տարբեր հատվածներում։ Առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու և սկզբնաղբյուրները չնշելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր»:

Ռեկտորի պաշտոնակատարի ասուլիսի ընթացքում ՀՊՏՀ-ի դիմաց էին հավաքվել բողոքող դասախոսները: Նրանց շարքում էր նաև Ալբերտ Հայրապետյանը, որը թեև մրցույթն անցել է և սեպտեմբերից կրկին կդասավանդի, հայտնեց, որ մրցույթից դժգոհություններ չունի, սակայն գրագողության վրա աչք փակել չի կարող․ - «Եթե այս ամեն ինչը կատարվեր Հարվարդի համալսարամում, Օքսֆորդի համալսրանում, կամ թեկուզ մեկ մետրոյի կայարան անդին գտնվող ամերիկյան համալսարանում, որտեղ ուսանողին են դուրս հրավիրում համալսարանից պլագիատի համար, արդյո՞ք այս ամենը կհանդուրժվեր»:

Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոսը նախ պնդեց, որ Հայրապետյանը պետք է հեռանա պաշտոնից, հետո էլ պարզաբանեց՝ եթե ռեկտորի պաշտոնակատարն ընդունի, որ գրագողություն է արել և հիմնավորի, որ իր պաշտոնավորումն այլըտրանք չունի, ինքը կկանգնի Հայրապետյանի կողքին․ - «Նրան պաշտոնավարումից հանելը չէ անձնապես իմ խնդիրը: Ես ընդամենը արտահայտում եմ իմ կարծիքը, որ պետք չէ, հազար ներողություն, թքած ունենալ ակադեմիական ազդեցության վրա»:

Դիտարկմանը, թե Հայրապետյանն ընդունել է, որ իր աշխատանքի տեսական մասում խնդիրներ կան, Ալբերտ Հայրապետյանը արձագանքեց․ - «Գրագողությունը դա խնդիր է, սակայն խնդիրը միայն գրագողություն չէ: Իրերը պետք է կոչել ավելի հստակ, սա ակադեմիական միջավայր է: Եթե սա լիներ երշիկի գործարան, ես կհրաժարվեի ձեզ հարցազրույց տալուց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG