Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյան․ Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել


«Ես զինվորական եմ և հրաման եմ կատարել»․ «Ազատության» հետ զրույցում 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան զորք բերելու հանգամանքին այսպես արձագանքեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Մովսես Հակոբյանը:

Ինչպես պարզ դարձավ գեներալ Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությունից, 2008 թվականի փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերվել 300 զինծառայող՝ իրենց հաստիքային զենքերով, ամբողջական սպառազինությամբ, իրենց մարտական փամփուշտներով: Նրանք եղել են սպաներ և ենթասպաներ, այդ թվում՝ դիպուկահարներ: Ավելի ուշ նրանց են միացել ևս 400 զինծառայողներ, ովքեր մինչև 2008 թվականի ապրիլի կեսերը մնացել են Երևանում և, ըստ Օգանովսկի մականունով գեներալի, հերթափոխով հսկել են կառավարության շենքը:

Նույն հարցաքննության մեջ գեներալ Կարապետյանը նշում է, որ այդ ժամանակահատվածում հակառակորդը դիվերսիոն հարձակման է դիմել: Ավելին, հայկական կողմը Արցախում դիրքեր է կորցրել, որոնք հետագայում վերականգնել է:

Հարցաքննության հրապարակումից հետո հնչեցին հարցադրումներ, թե ինչու են զինվորները սահմանը թուլացնելու հաշվին բերվել Հայաստան:

Այդ օրերին Արցախի պաշտպանության նախարար, ներկայումս Հայաստանի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը արձագանքում է, թե նախ պետք է հասկանալ ինչու են հրապարկվել նախքննության գաղտնիք համարվող նյութերը:

Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հակադարձում է, որ զինվորականը իրավունք չունի հակասահմանադրական հրաման կատարել:

Նա հիշեցնում է, որ 2005 թվականին ընդունված Սահմանադրության մեջ հստակ ձևակերպված է՝ բանակը պետք է պահպանի քաղաքական չեզոքություն․ - «Իրենք շարքայիններ չէին, որ չհասկանային այդ հրամանի էությունը, կամ դրա հակասահմանադրականությունը, կամ հակաօրինականությունը: Իրենք էս երկրորդ անգամ իրենց մասին լավ չի խոսում, եթե մեղմ ասենք, որ իրենք հղում են անում ընդամենը հրաման կատարելու վրա»:

Արմեն Խաչատրյանը ասում է, որ բանակի գործառույթը արտաքին թշնամուց երկիրը պաշտպանել է, և պատահական չէ , որ 2008-ին, երբ բանակին այլ գործառույթ է վերագրվել, հակառակոդը դիվերսիոն գործողությունների է դիմել, և հայկական կողմը դիրքեր է կորցրել․ - «Այդ պատմությունն արդեն ի հայտ է եկել: Ես կարծում եմ, որ Մարտի 1-ի նոր քրեական գործի քննությունը պետք է նաև կոնկրետ հարցադրումներ դնի հենց այդ իմաստով ու պատասխաններ ստանա․ մենք քանի՞ զոհ ենք տվել այդ օրերին սահմանում այդ դիվերսիայի արդյունքում, ինչպիսի՞ տարածքներ ենք կորցրել, ի՞նչ գնով են հետ բերվել այդ տարածքները»:

Ըստ 2008-ին նախագահի ընտրությունները վիճարկող ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության ներկայացուցչի, գեներալ Կարապետյանի հարցաքննությունը ևս մեկ անգամ հաստատեց իրենց այն պնդումը, որ Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ Մարտի 1 գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը անընդունելի է․ - «Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ քաղաքականությունը մտնի իրավունքի դաշտ, դատական գործընթաց մտնի: Աններելի էր ընդհանրապես Արցախից որևէ մեկին 2008-ին բերել Հայաստան: Դա աններելի մեղք է: Իրավական ամենածանր գնահատականներն էլ քիչ են այդ արարքի համար»:

Նույն հարցաքննության մեջ Սամվել Կարապետյանը նշում է, որ ինքը հրահանգեր է ստացել օպերատիվ շտաբից, սակայն չգիտի, թե այն որտեղ է տեղակայված եղել:

Մովսես Հակոբյանը ասաց, որ ինքը ևս տեղեկություններ չունի օպերատիվ շտաբի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG