Մատչելիության հղումներ

Արտահանողների միության ղեկավարը բողոքում է մաքսատներում անհարկի ձգձգումներից


Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյան, արխիվ
Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյան, արխիվ

Թավշյա հեղափոխությունից ավելի քան մեկ տարի անց՝ թեև Հայաստանի մաքսային ծառայությունում կաշառակերությունից ձերբազատվել են, սակայն անհարկի ու օրեր տևող ձգձգումները, գոյացած աննախադեպ հերթերը շոշափելի խոչընդոտ են գործարարների համար, այսօր «Ազատության» հետ զրույցում իր մտահոգությունները ներկայացրեց Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյանը:

«Այսօր մենք գալիս ենք, ստանում ենք մի ապրանք և ուզում ենք մաքսազերծել, ապրանքը գալիս հասնում է առավոտյան, ենթադրենք, մեր, այսպես ասած, տերմինալը, վերցնում ենք մեր թղթերը և սկսում ենք էդ գործողությունները կատարել։ Հիմնականում ապրանքներ կա, որ պետք է սերտիֆիկատ հանեն կամ ֆիտոսերտիֆիկատ հանեն, նմուշառում կատարվի, էդ ամբողջ գործողությունը մի քանի ժամում կատարվելուց հետո գալիս ենք մաքսատուն ժամերով հերթ ենք սպասում, որ էդ թղթապանակը, որը պատրաստվել է, որ պետք է մաքսատանը ուսումնասիրվի, էդ թղթապանակը գնում է էդ բաժնի պետի մոտ, ժամեր հետո էդ թղթապանակը որոշում է կայացվում՝ այո, այս թղթապանակը բավարարում է, այս թղթերը բավարարում են, թե ոչ, դրանից հետո նոր տալիս են, որ գնահատեն։ Էլեկտրոնային ճանապարհով գնահատում են այդ ամեն ինչը, գնահատելուց հետո նոր կարողանում ենք տանել վճարել և գնահատման արդյունքում, թե ինչ ուղի դուրս կգա մեր համար, այնտեղ երեք ուղիներ կան՝ կանաչ ուղի, դեղին ուղի և կարմիր ուղի, ըստ բախտի, էդ ծրագիրն ինքն է որոշում, նորից ընկնում ես, էսպես ասած, իրենց ճանկը։ Էդքան սպասելուց հետո նորից ստիպված, եթե դուրս է գալիս դեղին ուղի կամ կարմիր ուղի, նորից պիտի առճակատվես իրենց հետ, հասկանաս ինչ է պետք։ Բայց էդ նույն բանը կարելի էր նախօրոք անել, նախօրոք նայել, եթե ինչ-որ փաստաթղթի պակաս կա, եթե ինչ-որ մի բան չի բավարարում, կարելի էր այդ ամեն ինչը հստակեցնել բրոկերի հետ կամ ներմուծողի հետ և լուծել այդ հարցերը։ Այս ամեն ինչը սենց տևում է օրեր», - նշեց Մխջյանը։

Արտահանողների միության ղեկավարի խոսքով՝ օրերի կորուստը հանգեցնում է ֆինանսական վնասների, ինչը լուրջ նշանակություն ունի հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար:

«Այդ կադրերը, ովքեր վաղուցվա աշխատողներ են և իրենք փոխվելու ենթակա չեն, և իրենք խոչընդոտներ են առաջացնում հայտարարատուի համար մաքսատանը, թող էդ մարդկանցից ձերբազատվեն», - ընդգծեց նա։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ խոչընդոտներ են առաջացնում, Մխջյանը պատասխանեց. «Շատ խոչընդոտներ են առաջացնում։ Օրինակ՝ ցանկացած մի փաստաթղթի վրա, որը ժամանակին երբեք ուշադրություն չեն դարձրել՝ ինչ-որ մի ստորակետ, մի կետ ավել-պակաս է եղել, դրա պատճառով խնդիրներ են սարքում, որը չի կարելի։ Երբ որ էդ ապրանքը եկել է 15-20 հազար կիլոմետր հեռավորությամբ մի երկրից և այդ փաստաթղթերը հնարավոր չի վայրկյանական ուղղել, էդ մարդուն ասես, որ «էս մի ստորակետը սխալ է դրած, գնա, էսի փոխի նորը բեր, որ ես անեմ քո գործը», դա արդար չի։ Եթե ժամանակին այդ նույն գործարքը անում էր կաշառքով և ոչ մի դեպքում չէր անդրադառնում էդ ամեն ինչին, ի՞նչ եղավ, ի՞նչ փոխվեց։ Դա էական նշանակություն չունի, պետք է ամեն ինչի իմաստին նայել»։

Դիտարկմանը՝ այդ մարդու ապրանքը սպասում է պահեստում, Մխջյանը պատասխանեց. «Իհարկե, օրերով սպասեցնել են տալիս, նաև վճարում է այդ պահեստի համար, այնտեղ շատ տարբեր վնասներ են հասցնում մարդկանց»։

Գործարարի խոսքով, այս հարցերի մասին ինքը գրավոր տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, սակայն 1,5 ամիս անց էլ դեռ պատասխան չունի: «Ազատությունը» կապվել է Աղաջանյանի գրասենյակ, դեռ պատասխան չունենք:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսիյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ բազում են այն դեպքերը, երբ մաքսատան հետ շփվելիս՝ տնտեսվարողը սպասում է պետական այլ գերատեսչության մի փաստաթղթի, ինչի արդյունքում էլ հարկադրված տևական ժամանակ է կորցնում: Ուստի, հիմա կյանքի է կոչվում մի ծրագիր, որը ավարտվելու է 2020 թվականի հոկտեմբերին և որը արտահանում կամ ներմուծում իրականացնող տնտեսվարողին մեկ պատուհանից փոխանցելու է իրեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ էլեկտրոնային եղանակով:

«Մաքսազերծման հետ կապված բոլոր գերատեսչությունների հետ կապված այս տիպի փաստաթուղթը անցնում է էլեկտրոնային հարթակ։ Այսինքն այս պահին, եթե չեմ սխալվում, մենք հիմա Շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարության հետ ենք աշխատում, կոնկրետ էդ փուլին ենք հասել և 2020 թվականի հեկտեմբերին ամբողջ փաստաթղթաշրջանառությանը կապված մասքսազերծման հետ՝ դա կլինի ներմուծում, թե արտահանում, լինելու է էլեկտրոնային և մաքսիմալ պարզ։ Ինչպես նաև այդ գերատեսչությունների կողմից տրված ցանկացած փաստաթուղթ ավտոմատ կցվելու է հայտարարագրին։ Այսինքն մենք չենք ունենալու մի իրավիճակ, որ ֆիզիկապես գնում ես, թուղթ ես վերցնում և այլն», - նշեց Ներսիսյանը։

Մոտ մեկ տարի առաջ բանկային ոլորտից Պետեկամուտների կոմիտե տեղափոխված Ներսիսյանը հավելեց՝ տնտեսվարողները երբեմն սպասում են նաև բրոքերային ընկերությունների ոչ արհեստավարժ աշխատանքի հետևանքով: Ըստ պաշտոնյայի, այդ ընկերություններին գործունեության արտոնագիր տալիս է ՊԵԿ-ը, և առաջիկայում այդ ընկերություններին գործունեության արտոնագիր տրամադրելու կարգը խստացվելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG