Մատչելիության հղումներ

Ադրբեջանի փոխվարչապետի սկանդալային թոռը ազատ է արձակվել


Նաիլ Ալահվերդիև, 2017 թվական
Նաիլ Ալահվերդիև, 2017 թվական

Մինչ Ադրբեջանում ավելի քան հարյուր լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ, բլոգերներ ծանր մեղադրանքներով շարունակում են մնալ ճաղերի ետևում, դատարանը ազատ արձակեց երկրի փոխվարչապետի սկանդալային թոռանը:

Երկու մարդու կյանք խլած ավտովթարի համար ընդամենը հինգ տարվա ազատազրկման դատապարտված Նաիլ Ալահվերդիևը մի քանի ամիս բանտում պահվելուց հետո ազատ արձակվեց:

Ադրբեջանի ամենահարուստ և ազդեցիկ ընտանիքներից մեկից սերող երիտասարդը, ով հայտնի է սկանդալային պատմություններով, հերթական ողբերգական միջադեպի մեղավոր էր դարձել երկու տարի առաջ: 2017 թվականի օգոստոսին Բաքվում նրա մասնակցությամբ ավտովթարի հետևանքով երկու մարդ մահացել էր, ևս երկու հոգի՝ Թուրքիայից ժամանած ամուսիններ, ծանր վնասվածքներ էին ստացել:

Իրավապաշտպանների, միջազգային կառույցների կոշտ հայտարարություններից շաբաթներ անց միայն Ալիևի վարչակազմն ի վերջո ընթացք տվեց գործին, և այն հասավ դատարան, սակայն հավանականությունը, թե փոխվարչապետ Ալի Հասանովի թոռը կպատժվի, շարունակում էր կասկածահարույց մնալ: Երկու տարի տևած դատական պրոցեսները բացառապես ուղղված էին երիտասարդի պատժաչափը նվազեցնելուն և մեղմելուն: Ի դեպ, ողբերգական ավտովթարից հետո օրեր շարունակ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, թե փոխվարչապետի թոռը որևէ առնչություն չունի պատահարին՝ հերքելով պնդումները, որ հենց նա է եղել մեքենայի ղեկին:

Ադրբեջանում իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ չդադարող ճնշումների ֆոնին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հաճախ էին հիշեցնում արևմտյան արժեքները հեգնանքի առարկա դարձնող ադրբեջանցի փոխվարչապետի թոռան մասին, ով ավտովթարից հետո դեռ ազատության մեջ էր, իսկ մեծահարուստ պապն էլ շարունակում է պաշտոնավարել:

Ադրբեջանցի տնտեսագետներից Ղուբաթ Իբաթօղլուն հաշվել էր 25-ամյա երիտասարդին պատկանող գերթանկարժեք ավտոմեքենաների հավաքածուի մոտավոր արժեքը՝ 3 միլիոն մանաթ: Տնտեսագետն ընդգծում է, որ նման հավաքածու ձեռք բերելու համար անձը պետք է աշխատի նվազագույնը 326, առավելագույնը՝ 464, իսկ փոխվարչապետի բարձր աշխատավարձը հաշվի առնելով՝ 83-129 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG