Մատչելիության հղումներ

Բուխարեստում կրկին բողոքի ակցիա է անցկացվել կառավարության հրաժարականի պահանջով


Շաբաթ օրը ուշ երեկոյան տասնյակ հազարավոր մարդիկ Բուխարեստի կենտրոնում կրկին բողոքի ակցիա են իրականացրել կառավարության հրաժարականի պահանջով՝ վանկարկելով «Հրաժարական», «Գողեր»:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից ձևավորված Ռումինիայի գործող կառավարությունը վաղուց է քննադատության ենթարկվում կոռուպցիայի և երկրի բնակչության շահերը ոտնահարելու համար։

Ռումինիայի մայրաքաղաքում մարդիկ փողոց են դուրս եկել 2018 թվականին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների տարելիցի օրը: Անցյալ տարի օգոստոսի 10-ին Բուխարեստում տեղի է ունեցել հանրահավաք, որին մասնակցել է շուրջ 800 հազար մարդ: Ուժայինները ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ են կիրառել, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը՝ պահպանողական թևի ներկայացուցիչ, ով կառավարության կոշտ ընդդիմախոսն է, երեկ ելույթ ունենալով հրապարակում՝ անցյալ տարվա իրադարձությունները որակել է ողբերգություն և ոստիկանությանը հորդորել ձեռնպահ մնալ ուժի գործադրումից։

Եվրամիության անդամ Ռումինիայում բողոքի հուժկու ալիք է բարձրացրել կոռուպցիոն որոշ հանցագործությունների ապաքրեականացման և կոռուպցիոն հոդվածներով դատապարտվածների համաներման մասին աղմկահարույց օրինագիծը: 2017 թվականից ի վեր փաստաթղթի դեմ բողոքի ցույցերը չեն մարում։

Բուլղարիայից հետո Եվրամիության ամենաաղքատը համարվող այս երկրի երեք միլիոն քաղաքացի՝ աշխատունակ բնակչության մեկ երրորդը, ապրում է արտերկրում, հայրենիքում նրանք աշխատանք չունեն: Զանգվածային ցույցերում կառավարությանն ուղղված՝ ամենից հաճախ հնչող կոչերից մեկն էլ արտագաղթին է առնչվում՝ «Մենք մնում ենք այստեղ և չքվում եք դուք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG