Մատչելիության հղումներ

Անասունները խմելու ջրի միջով են արոտավայր հասնում. Պրիվոլնոյեի բնակիչը հրաժարվում է վճարել հարկերը


Ջրի ծորակ Պրիվոլնոյե գյուղում, 9-ը օգոստոսի, 2019թ.

Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչ Գևորգ Մանուկյանը վերջին 5 տարիներին հրաժարվել է վճարել իր հողի հարկն ու 550 հազար դրամի պարտք է կուտակել։ Գործը հասել է հարկադիր կատարողներին, բայց պնդում է՝ չի վճարի, քանի դեռ ցեխոտ ջուր են խմում ու քարուքանդ ճամփեքով գյուղ հասնում։

«Լավ բան չտեսանք, գյուղը քանդելուց բացի ոչ մի բան չտեսանք՝ ո՛չ ճանապարհ, ո՛չ ջուր։ Մենք չենք ուզում, որ աշխատեն մեզ ձրի տան՝ մենք ուտենք, մենք ուզում ենք աշխատենք, ստեղծենք, բայց մարդկային ձևով ապրենք», - նշեց Մանուկյանը։

Մեքենաներն ու անասունները գյուղի խմելու ջրի միջով են արոտավայր հասնում։

«Էսի ջուրն է, որը գալիս է մեր խմելու ջուրը, հեսա մեջով պիտի անցնենք մեքենայի անիվները լվանանք ու պիտի գնա խմելու բասեյնի մեջ։ Մի քիչ վերև, էդ գետի վրեն կովերն են արածում հիմա, կեղտոտում մեջը, մենք էլ խմում ենք», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Գևորգ Մանուկյանը։

Գյուղի երկարամյա բնակիչը ցույց է տալիս իրենց խմելու ջուր դարձած գետակն ու ասում՝ հարկեր չի վճարի, քանի դեռ ոչ մի պաշտոնյա իր ծառայողական մեքենան չի վնասել գյուղի ճամփեքին ու չի համտեսել խմելու համար վտանգավոր այս ջուրը։

«Էս բասեյնն է, ցանկացած մարդ լյուբոյ ժամանակ բերի մի մեշոկ թույն լցնի ստեղ, մյուս օրը առավոտ գյուղի կեսը չկա։ 90 տոկոսը գյուղի չգիտի՝ ինչ է խմում։ Գյուղացիք վախում են խոսալ, վախում է վաղվա մասին մտածելով՝ ինչ կլինի իր գլուխը, ես էլ չգիտեմ իմ գլուխը ինչ կլինի վաղը, որ ցույց տվեցիք սա։ Ինչի՞ պիտի հարկ տամ՝ ճանապարհ չունենանք, խմելու ջուր չունենանք։ Մենք չենք ուզում, որ մեր փողերը թալանեն տանեն, ու մենք էլ ոչ մի բանից իրավազուրկ ենք», - ասաց Մանուկյանը։

Վրաստանի հետ սահմանակից գյուղի բնակիչները բազմաթիվ դիմումներ են գրել, վերևներ հասել, բայց հարցն այդպես էլ չի լուծվել։

«Յոթ համայնք ենք ու կան ավելի փոքր կարիքավոր համայնքներ, իրենց ասածով, ու մենք ավելի ոնց որ շատ ավելի վնաս ենք հասցնում էդ մնացած համայնքներին, քան օգուտ, որովհետև ժամանակին չենք վճարում մեր հարկերը ու ըստ դրա՝ իրանք ի վիճակի չեն մեր հարցերը լուծելու», - նշեց բնակիչներից մեկը։

Խոշորացված Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանն «Ազատությանն» ասաց՝ խնդրին տեղյակ են։ 40-50 միլիոն դրամ է հարկավոր ջրամբար և երկու կիլոմետր խողովակաշար կառուցելու համար։ Հարցը գրավոր հասել է Տարածքային կառավարման նախարարություն։

«Գումարը մեծ է, ծախսը մեծ է, համայնքը իրա բյուջեի հաշվին չի կարա էդքան ներդրում անի։ Դիմել ենք Կառավարությանը, Տարածքային, սպասում ենք պատասխանին», - նշեց Բարոյանը։

Համայնքի ղեկավարն ասում է՝ 15 բնակիչների չվճարված հարկերը դատական կարգով կգանձի։ Այդ հարցում մտադիր չէ զիջել։

«600 հազար, 700, 1 միլիոն, ավելի պարտքեր ունեն էդ բնակիչները հողի հարկի։ Մինչև իրանք իրանց հարկերը չվճարեն, խնդիրները լուծում չի կարա ստանա», - ասաց Բարոյանը։

«Ազատության» դիտարկմանը, որ հավատ չունեն, վստահություն չունեն, թե ուր են գնում այդ գումարները, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Տենց բան չկա, իմ աշխատանքը պարզ, թափանցիկ է»։

Մինչդեռ, Պրիվոլնոյեի բնակիչ Գևորգ Մանուկյանն աջ ու ձախ ցույց է տալիս գյուղի դատարկված տներն ու վստահաբար ասում՝ այս իրավիճակում կշարունակի դատարկվել բազմաթիվ բնական ռեսուրսներ ունեցող գյուղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG