Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Առանձնակի կարևորում ենք ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը»


Ղրղըզստան - ԵԱՏՄ երկրների վարչապետները Չոլպոն-Ատայում, 9-ը օգոստոսի, 2019թ․
Ղրղըզստան - ԵԱՏՄ երկրների վարչապետները Չոլպոն-Ատայում, 9-ը օգոստոսի, 2019թ․

Ղրղըզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում այսօր կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում տեղի են ունեցել նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես է եկել բացման ելույթով, որում, մասնավորապես, նշել է. - «Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»:

«Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը։ Այդ նպատակին հասնելուն կնպաստի, մասնավորապես, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը», որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականին։ Մեկ պետության բրոքերներին և դիլերներին այլ անդամ պետությունների բորսաներում կազմակերպված առևտրին մասնակցելու թույլտվության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը նույնպես էական նշանակություն ունի այս գործում: Այս հարցում մենք կարևոր ենք համարում անդամ պետություններում կազմակերպված մրցույթներում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության և վարկային պատմությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար հնարավորության տրամադրումը», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ նա նշել է, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը, և շարունակել․ - «Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում»:

«Մենք կարևորում ենք, որպեսզի մեր երկրների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատող սուբյեկտներն ընդհանրացված տեղեկատվություն ունենան Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղմթերքի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ», - նաև ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Խոսելով հուլիսի սկզբին Վիետնամ և Սինգապուր կատարած իր այցերի մասին՝ Փաշինյանն ասել է․ - «Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին: Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը: Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը»: Նա խնդրել է հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն ստորագրվի:

«ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին», - նշել է Հայաստանի վարչապետը:

Տեղեկացնելով, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով միջազգային համաժողով, որին հրավիրված են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների ղեկավարները և ԵԱՏՄ գործընկեր երկրների ղեկավարները, Փաշինյանը շարունակել է․ - «Ակնկալվում է, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր»:

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի զարգացման, ԵԱՏՄ շրջանակում միասնական ալկոհոլի շուկայի ստեղծման, անդրազգային ընկերությունների ստեղծման, անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության, արդյունաբերական և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում համագործակցության, «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, ԵԱՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ հարցեր։

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ կարգադրությունը, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման ժամանակացույցը, վերոնշյալ ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը միտված որոշումներ և կարգադրություններ։ Նախատեսվում է, որ ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկաների ստեղծման հայեցակարգը կստորագրվի Երևանում՝ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։

Այնուհետև ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների և ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության հիմնադրման 5-ամյակին նվիրված նամականիշների մարման արարողություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG