Մատչելիության հղումներ

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր․ ԱԱԾ


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր:

Հաղորդագրությունում նշվում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, 2019թ․ ամառային զորակոչի ընթացքում, 2000-15 000 ԱՄՆ դոլար գումարների դիմաց, կազմակերպել են թվով 9 զորակոչիկի և 4 զինապարտի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձեռք բերելու և դրանց հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից նրանց ազատելու կամ տարկետումներ տրամադրելու գործընթացները:

Բացի այդ, ինչպես ԱԱԾ-ն է նշում, պարզվել է նաև, որ նախկին բարձրաստիճան սպայի հետ համագործակցող անձը զբաղվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող երկու անձի առողջական մտացածին խնդիրների հիման վրա ծառայությունից վաղաժամկետ զորացրելու հարցերով: Այդ գործում նրան օժանդակել է կայազորային հոսպիտալի բժիշկներից մեկը:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 3 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախկին բարձրաստիճան սպան և նրան օժանդակող անձը կալանավորվել են:

ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG