Երկու մարդ զոհվել, վեցը վիրավորվել են Ռուսաստանի Արխանգելսկի մարզում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնելով նաև, որ պայթյունի վայրից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սևերոդվինսկ քաղաքում, ճառագայթման մակարդակի կարճատև բարձրացում է գրանցվել:
Նախարարության հաղորդմամբ՝ հրդեհը երեկ բռնկվել է ռեակտիվ շարժիչի պայթյունի հետևանքով։
Տեղական իշխանությունները հայտնել են, որ պայթյունն ու հրդեհը տեղի են ունեցել Նյոնոկսա քաղաքի մերձակայքում, որտեղ տեղակայված են ռազմածովային բալիստիկ հրթիռների փորձարկման սուզանավերը:
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ վտանգավոր քիմիական նյութերի արտահոսք տեղի չի ունեցել, և ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է։