Մատչելիության հղումներ

Չնայած պարտությանը՝ «Վուլվերհեմփթոն»-ի հետ հանդիպումը մեծ փորձ էր․ «Փյունիկ»-ի մարզիչ


Դրվագ «Փյունիկ» - «Վուլվերհեմթփոն» հանդիպումից, Երևան, 9-ը օգոստոսի, 2019թ․
Դրվագ «Փյունիկ» - «Վուլվերհեմթփոն» հանդիպումից, Երևան, 9-ը օգոստոսի, 2019թ․

Հինգշաբթի երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Երևանի «Փյունիկ»-ը չորս անպատասխան գնդակ ընդունեց անգլիական «Վուլվերհեմփթոն»-ից: ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումը անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին հայ - անգլիական դիմակայությունն էր։

Հանդիպման առաջին րոպեներն անցան քիչ թե շատ հավասար պայքարում, ինչպես նախախաղային ասուլիսի ընթացքում ընդգծել էր հայկական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը՝ կարևոր էր «Վուլվերհեմփթոն»-ին տարածություն չտալ, այլապես Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի արդյունքներով 7-րդ տեղը զբաղեցրած ակումբի ֆուտբոլիստներն իրենց հնարավորությունները արագ կիրացնեն։ Մինչ առաջին խաղակեսի միջնամասը «Փյունիկ»-ին հաջողվում էր կատարել մարզչի առաջադրանքը, սակայն 29-րդ րոպեին հայկական ակումբը գոլ ընդունեց, սխալներն էլ շատացան: Արդյունքում՝ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները մինչև խաղավարտ ևս երեք անգամ գնդակը դուրս բերեցին իրենց դարպասից։ Հյուրերի կազմում աչքի ընկան Մեթ Դոերթին, Ռուբեն Նևիշը, իսկ Ռաուլ Խիմենեսը դուբլի հեղինակ դարձավ։

Հետխաղային ասուլիսի ընթացքում «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչն ընդգծեց՝ այդպիսի սխալներ թույլ տալ չէր կարելի: «Այլ մակարդակի թիմի հետ, օրինակ՝ «Շկուպի»-ի կամ «Յաբլոնեց»-ի, այդքան չէինք սխալվում, մակարդակն այդքան բարձր չէր, իսկ այսօրվա մրցակցի մակարդակը բարձր էր, մեկը մեկի դեմ պայքարներում լավ էին խաղում, ծանր էր նրանց հետ մրցելը», - ասաց Տարխանովը:

Չնայած կրած պարտությանը, հայկական ակումբի գլխավոր մարզչի խոսքով՝ հանդիպումը մեծ փորձ էր թիմի համար: «Մինչ այս չորս խաղ էինք անցկացրել, երկու հաղթանակ տարել, ևս երկու խաղ ոչ-ոքի ավարտել: Կարծում եմ՝ մենք միջին բարձր որակի թիմ ենք դարձել», - հայտարարեց նա:

«Վուլվերհեմփթոն»-ի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն էլ կարծիք հայտնեց, որ «Փյունիկ»-ը հանդիպումը լավ էր սկսել: «Բայց հետո կարողացանք լավ կազմակերպվել, գոլերն էլ օգնեցին, կարծում եմ՝ լավ խաղ անցկացրինք», - հավելեց նա:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչը, խոսելով «Փյունիկ»-ի մասին, ընդգծեց՝ հայկական ակումբը լավ թիմ ունի:

Պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Անգլիայում: Ալեքսանդր Տարխանովի խոսքով՝ փորձելու են խաղից առաջ վերլուծել դիմակայության առաջին մասը: «Հավանաբար այն սխալները, որոնք այսօր թույլ տվեցինք, չենք կրկնի», - ասաց «Փյունիկ»-ի մարզիչը:

Հանրապետական մարզադաշտում հանդիպմանը հետևում էր ավելի քան 11 հազար երկրպագու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG