Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպել է Ղրղըզստանի նախագահի հետ


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ղրղըզստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։

«Դուք շատ պատվավոր հյուր եք մեզ մոտ։ Ցանկանում եմ նշել, որ ոչ միայն ես, այլև բոլոր ղրղըզստանցիներն են ճանաչում Ձեզ, ծանոթ են Ձեր քաղաքական գործունեությանը։ Ձեր անձնական մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստին կնպաստի եվրասիական տարածքում համագործակցության զարգացմանը», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Ժեենբեկովը:

Փաշինյանը, իր հերթին, մասնավորապես ասել է․ - «Սա ընդհանրապես իմ առաջին այցն է Ղրղըզստան։ Նախկինում չեմ եղել այստեղ, դեռ չեմ հասցրել տեսնել Իսիկ Կուլը։ Իհարկե, մենք քննարկելու շատ հարցեր ունենք, որոնք վերաբերում են և՛ եվրասիական տարածքում մեր հարաբերություններին, և՛ երկկողմ հարաբերություններին։ Ես ծանոթացա այս տարվա վիճակագրությանը. մեր առևտրաշրջանառության ոլորտում նկատվում է աճ։ Իհարկե, մասնաբաժինը դեռ շատ քիչ է, բայց կարծում եմ, որ պետք է աշխատել ողջ ներուժի իրացման ուղղությամբ, որպեսզի առևտրաշրջանառությունն աճի՝ ի շահ մեր երկրների զարգացման»։

«Կարծում եմ՝ այն հնարավորությունը, որ տրամադրում է Եվրասիական տնտեսական միությունը, կարելի է փաթեթավորել, լիարժեք օգտագործել։ Իհարկե, մենք, եթե կարելի է այդպես ասել, ԵԱՏՄ փոքր երկրներ ենք և շատ ընդհանուր շահեր ունենք։ Դա, իհարկե, չի նշանակում, որ մյուս գործընկերների հետ ինչ-որ խնդիրներ ունենք, ուղղակի մենք ավելի հեշտ ենք հասկանում միմյանց խնդիրները և կարող ենք զարգացնել այն կառուցողական համագործակցությունը, որ կա Հայաստանի և Ղրղըզստանի միջև», - նշել է Հայաստանի վարչապետը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակից և վերահաստատել պատրաստակամությունը՝ զարգացնելու Հայաստանի և Ղրղըզստանի միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։

Հայաստանի վարչապետը և Ղրղըզստանի նախագահը քննարկել են քաղաքական երկխոսության ամրապնդմանը, երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալի ավելացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի վերաբերյալ հարցերին։

Սոորոնբայ Ժեենբեկովը խոսել է նաև Ղրղըզստանի ներքաղաքական զարգացումների մասին։ Հիշեցնենք՝ նախօրեին ձերբակալվել է այդ երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG