Մատչելիության հղումներ

Մշակվում է գրպանահատության պատիժը խստացնող օրենսդրական փաթեթ


Ոստիկանության պատվի խնդիրն է գրպանահատության դեպքերը կանխելը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով գրպանահատության դեմ տարվող աշխատանքները, հայտարարեց ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ Հակոբ Պետրոսյանը:

«Մենք մշտապես էս ուղղությամբ անելիքներ ունենք, որովհետև հենց օրենքով գողերի մեծ մասը նախկինում մասնագիտացված գրպանահատներ են եղել, այնպես որ սա մեր մշտական թիրախներից է, որով զբաղվել ենք և զբաղվելու ենք», - հայտարարեց Հակոբ Պետրոսյանը:

Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած գրպանահատությունների դեպքերը աճել են 70-ով, դրանց 95 տոկոսը տեղի է ունենում Երևանում։ Դեպքերի 90 տոկոսով քրեական հետապնդում չի իրականացվում բողոքի բացակայության կամ հաշտության հիմքով:

Հակոբ Պետրոսյանի խոսքով՝ այստեղ օրենքի բացի խնդիր կա. այժմ գրպանահատության վերաբերյալ պատիժը խստացնող օրենսդրական փաթեթ է մշակվում, որն աշնանը Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ կմտնի․ - «Երբ տուժողի բողոքը բացակայում է, ոստիկանությունը այլևս որևէ իրավասություն չունի: Հետագայում, եթե փոփոխություններ կլինեն օրենսդրության մեջ, գրպանահատությունը կտեղափոխվի երկրորդ մաս և դիտարկվելով հանրության համար ավելի ծանր վտանգավորություն ներկայացնող արարք, կդառնա արդեն հանրային մեղադրանքի գործ: Այս դեպքում արդեն տուժողի կողմից հաշտվելու կամ բողոքի բացակայության պարագայում արդեն իսկ գործի ընթացքը հնարավոր չի լինի դադարեցնել»:

Հակոբյանը նշում է՝ գրպանահատների համար գողության այս տեսակը հաճախ դառնում է արհեստ, մշտական զբաղմունք։

Վերջին շրջանում երևանցիները հաճախ են բարձրաձայնում հանրային տրանսպորտում իրենց հետ տեղի ունեցող դեպքերի մասին: Օրեր առաջ համացանցում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն էր տարածել գրպանահատների լուսանկարներ։ Տեսել էր, թե ինչպես են գողություն անում և պահանջել վերադարձնել գողացված դրամապանակը։ Լրագրողը «Ազատությանը» պատմել էր, որ դեպքից հետո իր հասցեին սպառնալիքներ են հնչել, ինչից հետո քաղաքում իրեն ապահով չի զգում։

Այս դեպքին օրեր անց հաջորդեց մեկ ուրիշը՝ հենց նույն անձանց մասնակցությամբ։ Համացանցում տարածված լուսանկարների շնորհիվ քաղաքացին կարողացել էր ճանաչել գրպանահատներին և իր պնդմամբ՝ կանխել գողության դեպքը։ Քաղաքացին պատմել էր, որ այդ նույն անձանցից մեկն իրեն մարմնական վնասվածք էր հասցրել։

Հարցին՝ այս պարագայում, երբ քաղաքացիներն իրենց անվտանգ չեն զգում քաղաքում, ինչ են անում իրավապահ մարմինները, ոստիկանության գնդապետն արձագանքեց. - «Այնպես չէ, որ մենք ասում ենք, որ այդ առումով ամեն ինչ արված է կամ անելիքներ չունենք: Ոչ: Քաղաքացիները այս առումով կարող է անհանգստություն ունեն վերջին մեկ-երկու դեպքերի կապակցությամբ, որոնք սոցիալական ցանցերում լայն տարածում գտան: Բայց կարծում եմ՝ անհրաժեշտությունը չկա այսպես մասսայականացնելու կամ մեծ անհանգստության պատճառ դարձնելով: Այնպես չէ, որ այս դեպքերը բացառիկ են: Ուղղակի որոշակի հնչեղություն ստացավ: Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ այս խնդիրները գտնվում են ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Եթե օրենսդրական կարգավորումը լինի առավել հստակ, մենք ունենանք իրավական գործիքակազմ, մեր աշխատանքների արդյունավետությունը նույնիսկ կարող է կրկնապատկվել»:

2018-ին Երևանում գրանցվել է գրպանահատության 518 դեպք, որից բացահայտվել է 236-ը, իսկ 2019-ի առաջին կիսամյակում արդեն գրանցվել է 314 դեպք, բացահայտվել է 147-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG