Մատչելիության հղումներ

Puzzle-ներով ակցիա Գյումրիում. ստացված գումարը կուղղվի երկու ընտանիքի բնակարանով ապահովելուն


Տնակում բնակվող բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու համար «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը դիմել է puzzle-ի օգնությանը: Մի քանի օր է Գյումրիի քաղաքապետարանի պատին փակցված է մի մեծ ցուցանակ, որի վրա վաճառված puzzle-ներով հավաքվելու է գյումրեցի նկարիչ Սուսաննա Մկրտչյանի «Պապի ու տատի խոստացված մատաղը» նկարը:

Նկարը բաժանել են 15 հազար կտորների, յուրաքանչյուրը վաճառում են 1000 դրամով: Առաջին գնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որը հուլիսի 20-ին տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Գյումրիում էր, հենց այդ օրն էլ որոշվեց, որ նկարի առաջին ու վերջին կտորը վարչապետն է տեղադրելու: Վերջին կտորը կտեղադրվի սեպտեմբերի 21-ին՝ Գյումրիում անցկացվելիք Անկախության օրվա տոնակատարության ժամանակ:

Վերջին հաշվառման տվյալներով՝ միայն Գյումրիում շուրջ 2800 ընտանիք տնակում է բնակվում: Աղետալի երկրաշարժից 31 տարի անց պետությունը նրանցից շատերի նկատմամբ որևէ պարտավորություն չունի: Շատ հաճախ տարբեր անհատներ ու կազմակերպություններ բարեգործական ակցիաների միջոցով են ձեռք մեկնում ժամանակավոր կացարաններում ապրող մարդկանց:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանն ասում է՝ այս ակցիայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, այս պահին արդեն մոտ 2000 կտոր վաճառել են: Ծրագրում են վաճառքից ստացված 15 մլն դրամով առնվազն 2 բնակարան ձեռք բերել:

«Միայն puzzle-ի միջոցով նախատեսել ենք երկու բնակարան, որից մեկը կլինի, իմ կարծիքով, երեք սենյակ, որովհետև նախատեսում ենք, որ չորս և ավելի, այսինքն նաև կան հինգ անչափահաս ունեցող ընտանիքներ, առաջնահերթությունը երևի կտանք էդ ընտանիքներին, բայց յուրաքանչյուր դեպքում պիտի խորհուրդը հաստատի։ Մենք մի 10 ընտանիք ընտրել ենք արդեն», - ասաց Գրիգորյանը։

Այսօրվանից գործելու է նաև puzzle-ների օնլայն վաճառք: Գրիգորյանն ասում է, որ այս ընթացում բավականին առաջարկներ են ստացել:

«Ստենդի առաջարկ ենք ունեցել, որ ամբողջ ռամկան նաև վաճառենք, ինձ թվում է, երևի՝ էսպես շարունակվի, աճուրդ կհանենք և թեկուզ նաև ստենդով, մի բնակարան թեկուզ մի սենյակ կամ երկու սենյակ լինի էդ կարևոր չի, բայց պրոեկտով ես կարծում եմ, որ 15 միլիոնից շատ ավելի շատ կփորձենք հավաքել», - ընդգծեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը։

Գյումրեցիները ևս անտարբեր չեն անցնում, մոտենում, հետաքրքրվում ու puzzle են գնում, այդպիսով դառնալով ակցիայի մասնակից:

Գևորգ Գրիգորյանը վստահ է, որ մինչև սեպտեմբերի 20-ը puzzle-ներով նկարն արդեն հավաքված կլինի: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ջանքերով մի քանի ընտանիք արդեն տնակից բնակարան է տեղափոխվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG