Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ձերբակալվեց


Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ի վերջո ձերբակալվեց՝ հատուկ ջոկատայինների կողմից նրա տան վրա իրականացված երկրորդ գրոհից հետո:

Այսօր ավելի վաղ իրավապահները վերստին շրջապատել էին նախկին առաջնորդի՝ Կոյ Տաշ ավանում գտնվող առանձնատունը․«Ինտերֆաքսի» տեղեկություններով, հատուկ այդ գործողությանը մասնակցել են ներքին գործերի նախարարության մոտ 2000 աշխատակիցներ, բուն գործողությունը ղեկավարել է Ներքին գործերի նախարար Քաշքար Դջու-նուշ-ալիևը:

ՏԱՍՍ-ը, հղում անելով Ատամբաևի շտաբին, հաղորդում է, թե նախկին նախագահն ինքն է հանձնվել իրավապահներին՝ խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերից խուսափելու համար: Երեկ նրան ձերբակալելու՝ ուժայինների փորձն ավարտվել էր անհաջողությամբ, Ատամբաևի աջակիցները կրակ էին բացել իրավապահների ուղղությամբ, հատուկ ջոկատայիններից մեկը սպանվել էր, ավելի քան 5 տասնյակ մարդ՝ վիրավորվել:

Այսօրվա իրադարձությունների հետևանքով, ըստ Առողջապահության նախարարության, տուժել են հինգը, չորսը իրավապահներ են, որոնք հրազենային վնասվածքներ են ստացել, մեկը՝ շարքային քաղաքացի, ով վնասվել է լուսաձայնային նռնակի պայթյունից:

Ատամբաևը, ով ղեկավարել է Ղրղըզստանը 2011-ից -17 թվականներին, մեղադրվում է քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով, այդ թվում՝ իշխանությունը չարաշահելու, ապօրինի հարստանալու և խոշոր կոռուպցիայի համար: Վերջինս կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG