Մատչելիության հղումներ

Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը կգործի հոկտեմբերից,. Դավիթ Անանյան


Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը կգործի հոկտեմբերից, այսօր վստահեցրեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը:

«Նույնիսկ եթե չհասցնենք ավտոմաքսատունը պետք է գործի, եկեք այսպիսի մի ձևակերպում տանք, որի մեջ մի փոքր հումոր կա, բայց դա հենց այն մարտահրավերն է, որ մենք ինքներս մեր առջև դնում ենք, որպեսզի հասցնենք։ ինքնանպատակ չէր, որ մենք արագ ուզում ենք ավտոմաքսատունը լինի այստեղ, ինչո՞ւ, որովհետև այն հոսքը, որ մենք սպասում ենք մինչև տարվա վերջ հոկտեմբերից կարծում եմ, որ աննախադեպ հոսք ենք ունենալու ավտոմեքենաների ներկրման, որովհետև մեր հայրենակիցները, բոլորը քաջատեղյակ են, որ 20 թվականի հունվարի 1-ից արդեն այն բացառությունները, որ սահմանված էին Հայաստանի Հանրապետության համար ԵԱՏՄ մուտք գործելիս արդեն վերանում են և ըստ էության, կարող ենք ունենալ այնպիսի իրավիճակ, որ միջին հնություն ունեցող մեքենաների համար մաքսատուրքը կարող է մինչև մի 10-15 անգամ, նույնիսկ շատ դեպքերում 30 անգամ բարձրանա։ հետևաբար մեր հայրենակիցները շատ զգայուն են և չակերտավոր ասած բիզնես մտադրություններ էլ շատ արագ են կողմնորոշվում, հետևաբար կարծում ենք, որ հեկտեմբերից մեծ հոսք ենք ունենալու», - նշեց Անանյանը։

Դավիթ Անանյանն այսօր այցելեց ավտոմաքսատան տարածք, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Քանդման ենթակա շինություններն արդեն քանդվել էին, մեկնարկել են հողային աշխատանքները: Շինաշխատանքներին զուգահեռ մի քանի օրից նաև նախագծման աշխատանքները կավարտվեն: ՊԵԿ նախագահը շինարարությունն իրականացնող «Մերձմոսկովյան» ընկերության ղեկավարին հստակ պահանջ ներկայացրեց՝ որակ և ժամկետների մեջ տեղավորվել:

«Ազատության» հարցին՝ այս պահին շինարարության ընթացքին խանգարող որևէ բան կա՞, թե ոչ, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ֆինանսական խնդիր ընդհանրապես չկա, որովհետև եթե հետևում եք նաև վարչապետի հայտարարություններին, մենք այս պահին որևէ ֆինանսի խնդիր չունենք, մենք ունենք լավ ներդրումային ծրագրերի պակասի խնդիր։ Սա եկեք համաձայնվենք, որ այս պահին ամենալավագույն ներդրումային ծրագրերից մեկն է, որ մենք իրականացնում ենք»։

Տարածքում առաջիկա տարիներին կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման հյուսիսային կենտրոնը: Եվս մեկ կենտրոն էլ կկառուցվի Հայաստանի հարավում, թե որտեղ, ՊԵԿ նախագահը չբացահայտեց:

«Լինելու է երկու արտաքին տնտեսական գրծունեության սպասարկման կենտրոն՝ հյուսիսիային և հարավային, դրանց, կարելի է ասել, խելամտությունը նրանում է, որ երկուսն էլ լինելու են հյուսիս-հարավի հարող տարածքում։ Հարավում մոտավորապես տեղը մենք գիտենք, տեղը պատկանում է Պետական եկամուտների կոմիտեին, մենք այնտեղ որոշակի աշխատանքներ նախկինում արել ենք, բայց պետք է նոր աշխատանք արվի և իրականացվի այդ աշխատանքը, դրա համար մենք կարծում ենք, որ դոնորները պետք է ֆինանսական միջոցներ տրամադրեն»։

Այն պահից ի վեր երբ արդեն հայտարարվեց, որ ավտոմաքսատունը Գյումրի է տեղափոխվում գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում շատերին սկսեց հետաքրքրել, թե ինչպես կարող են աշխատանքի անցնել ավտոմաքաստանը: Դավիթ Անանյանը հավաստիացրեց, որ աշխատատերը կհամալրվեն հիմնականում տեղի կադրերով։

«Մենք արդեն դասընթացների համար անոնս ենք արել և հենց Գյումրիում կազմակերպելու ենք դասընթացներ, 3-ամսյա դասընթացներ, դրա նպատակը նա է, որ մենք նոր ավտոմաքսատանը աշխատակիցներին ընդունենք Գյումրիի մեր հայրենակիցներից, ովքեր կգան, կմասնակցեն դասընթացներին, հետագայում քննություն կտան, այդ քննության արդյունքներով մենք կընդունենք իրենց աշխատանքի», - ընդգծեց Անանյանը։

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մտադրության մասին խոսել էր վարչապետ Փաշինյանը դեռ ապրիլին՝ Երևանի մերձակա Արարատյան մաքսատուն կատարած այցի ժամանակ: Գյումրիում նոր ավտոմաքսատան կառուցման համար կառավարությունն արդեն հատկացրել է 181 միլիոն դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG