Մատչելիության հղումներ

Մենք այս տեղեկությունը չէինք հրապարակի, եթե կասկածներ ունենայինք․ BBC-ի մարտիմեկյան բացահայտումների հեղինակ


Մարտի 1-ի գործով քննության վերաբերյալ բրիտանական BBC-ի հետաքննության հեղինակ Գրիգոր Աթանեսյանը պատասխանել է «Ազատության» հարցերին:

«Ազատություն»․ - Առաջին հարցը, որ այսօր թերևս բոլորն են տալիս Ձեզ՝ որտեղի՞ց այդ փաստաթղթերը, ի՞նչ ճանապարհով է BBC֊ն դրանք ձեռք բերել և որքանո՞վ է հավաստի Ձեր աղբյուրը:

Աթանեսյան․ - Ես չեմ կարող բացահայտել աղբյուրը, սակայն, կարող եմ ասել, որ այդ փաստաթղթերը ստացել եմ հայաստանյան իմ աղբյուրից, և բավականին շատ ժամանակ է պահանջվել այդ փաստաթղթերի հավաստիությունը հաստատելու համար: Մենք այս տեղեկությունը չէինք հրապարակի, եթե կասկածներ ունենայինք այդ փաստաթղթի հավաստիության ու ծագման վերաբերյալ: Սակայն, կրկին, ուզում եմ ասել՝ ես չեմ կարող բացահայտել աղբյուրը, այն փոխանցվել է անանուն մնալու սկզբունքով:

«Ազատություն»․ - Մի փոքր ավելի մանրամասնեք փաստաթղթերի մասին, եթե կարող եք․ քանի էջ է, արդյոք այդտեղ միայն Հատուկ քննչական ծառայությունից ստացված հարցաքննության պատճեններն են, թե այլ փաստաթղթեր էլ կան Ձեր տրամադրության տակ:

Աթանեսյան․ - Այս փուլում չեմ կարող ավելի մանրամասն այս մասին խոսել, քանի որ մենք հրապարակել ենք այն տեղեկատվությունը, որը կարող ենք այս փուլում հրապարակել և որի մեջ վստահ ենք: Չէի ուզի խոսել այն մասին, ինչում համոզված չենք: Իմ տեսածը Հատուկ քննչական ծառայության փաստաթղթերն են, դա Մարտի 1-ի առնչությամբ նոր գործն է, նոր հետաքննությունը և երկու հարցաքննությունների արձանագրությունները, որոնցից մեկը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցաքննությունն է: Այս փուլում մենք ավելին չենք կարող բացահայտել:

«Ազատություն»․ - Հայաստանյան մամուլում և սոցիալական ցանցերում Ձեր հրապարակումից հետո կարծիքներ են հնչում, որ այս հոդվածը միտումնավոր հրապարակվեց հենց այսօր, երբ երեկ Ղարաբաղում անցկացվում էին Համահայկական խաղերի բացման արարողությունը, ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դուք ինչպե՞ս կարձագանքեք այս մեկնաբանություններին և իսկապես՝ ինչո՞վ կբացատրեք, ինչո՞ւ հենց հիմա դա հրապարակվեց:

Աթանեսյան․ - Դավադրության այդ տեսություններն ինձ շատ ծիծաղելի են թվում: Բնականաբար, BBC-ի ռուսական ծառայությունը հայաստանյան ներքին իրադարձություններով չի առաջնորդվում, մենք ունենք խմբագրական պլանավորում, նյութերի վրա աշխատում ենք շաբաթներով, ամիսներով, և այս նյութն էլ հրապարակեցինք, երբ համոզվեցինք, որ այն ինչ ունենք, ենթակա է հրապարակման: Կրկնում եմ, որևէ օրակարգի հետ այն չէր կարող կապ ունենալ, և ավելին, ինձ համար տարօրինակ է լսել, թե հենց ա՛յս օրը կարող է հատուկ կարևորություն ունենալ, քանի որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների, ներքին քաղաքականության ոլորտներում ամեն օրն է պայթունալի: Մեկ Սահմանադրական դատարանում է ինչ֊որ սկանդալ, մեկ սահմանին է իրավիճակը սրվում, մարդիկ են զոհվում, բանակցություններ են ընթանում․․․ վերջին մեկուկես տարում հայաստանյան քաղաքականության մեջ ամեն օր ինչ֊որ նոր իրադարձություններ ու զարգացումներ են տեղի ունենում, որոնց հետ, ցանկության դեպքում, կարելի է ինչ ասես՝ կապել․․․

«Ազատություն»․ - Եվ վերջին հարցը՝ կարո՞ղ ենք առաջիկայում նոր հրապարակումներ սպասել BBC-ից:

Աթանեսյան․ - Կարծում եմ՝ այո, մենք կշարունակենք հետևել այդօրինակ պատմություններին, որոնք ոչ միայն հայաստանյան ներքաղաքական օրակարգ ունեն, այլ՝ առավել ընդարձակ՝ տարածաշրջանային: Այստեղ ներգրավված են մի քանի խաղացողներ, և բավականին կարևոր գործ է, որով այս կամ այն կարգավիճակով անցնում են մի քանի նախագահներ, ինչը բավական աննախադեպ երևույթ է հետխորհրդային տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG