Առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 145-ը վիրավորվել են այսօր առավոտյան Քաբուլում իրականացված պայթյունի հետևանքով: Զոհվածների ու վիրավորների թվում կանայք ու երեխաներ կան: Այս տվյալները հաղորդում են Աֆղանստանի առողջապահության և ներքին գործերի նախարարությունները:
Ինքնասպան ահաբեկիչը ականապատված ավտոմեքենան պայթեցրել է ոստիկանական բաժանմունքի մոտ: Թալիբան շարժումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:
Չնայած ԱՄՆ-ի վարչակազմի ու թալիբների ներկայացուցիչների միջև ընթացող բանակցություններին՝ Աֆղանստանում բռնությունները չեն դադարում:
Այս տարվա սկզբից Քաբուլում 16 հարձակում է իրականացվել, որոնց հետևանքով առնվազն 113 մարդ է սպանվել, 732 մարդ վիրավորվել է: