Ղրղըզստանի արտգործնախարարությունը Բիշքեկում Բելառուսի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Ղրղըզստանից փախած նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի հանդիպման վերաբերյալ:
Ղրղըզստանի իշխանությունները Բելառուսի դեսպանին բողոքի նոտա են փոխանցել:
«Ղրղըզական կողմի համար բացարձակապես անընդունելի է, որ հանդիպման ընթացքում Ղրղըզստանի Հանրապետության խորհրդանիշեր են օգտագործվել, ինչը լիովին հակասում է երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության սկզբունքներին», - հայտարարել է Ղրղըզստանի արտգործնախարարությունը:
Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջը օգոստոսի 6-ին տեղեկացրել է, որ Մինսկում, նախագահական նստավայրում Լուկաշենկոն ընդունել է Բակիևին՝ վերջինիս 70-ամյակի կապակցությամբ, որը լրացել էր մի քանի օր առաջ:
Բակիևը իր ընտանիքի անդամների ու որոշ թիմակիցների հետ 2010-ի ապրիլից բնակվում է Բելառուսում՝ այն բանից հետո, երբ հակակառավարական ցույցերի արդյունքում Ղրղըզստանում տապալվեց նրա իշխանությունը:
Հայրենիքում Բակիևը հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ բռնաճնշումներում իր դերակատարության համար, որոնց արդյունքում 100 մարդ էր սպանվել:
Պաշտոնական Մինսկը մի քանի անգամ մերժել է Բակիևին արտահանձնելու Բիշքեկի պահանջները: