Մատչելիության հղումներ

Հայաստանի դատապարտյալների թիմը չորրորդ տեղը գրավեց միջազգային մրցաշարում


Հայաստանի դատապարտյալների թիմը արագ շախմատի միջազգային առաջնությունում երեկ երեկոյան յոթ երկրների շարքում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը՝ հաղթանակ տանելով Բրազիլիայի, Անգլիայի և Բելառուսի թիմերի նկատմամբ։

Արմավիրի բանտի գրադարանը երկու օր վերածվել էր մրցաշարի սենյակի, որտեղ համակարգիչների առջև նստած հայաստանյան տարբեր բանտերի դատապարտյալները իրենց ուժերն էին չափում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Բրազիլիայի, Իտալիայի, Բելառուսի դատապարտյալների հետ։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ տարիներ շարունակ անցկացվող մրցաշարերի մասնակիցներից ընտրվել էին ուժեղագույնները՝ չորս դատապարտյալ, որոնց ցույց տված արդյունքները գոհացնող են, ասում են կազմակերպիչները։

Դատապարտյալ Գոռ Աջամյանը շախմատ խաղալ սովորել է բանտում՝ խցակիցների շնորհիվ։ Ժամանակը լցնելու լավագույն լուծումն է, ասում է Բելառուսի դատապարտյալների թիմի հետ խաղում հաղթանակ ապահոված դատապարտյալը։

«Ազատ ժամերը շատ էին, տենց, դուր էր գալի էդ խաղը ինձ, ու սկսեցի խաղալ: Ավելի շատ դուր եկավ ինձ, ու գրքերով-բանով մեկ-մեկ պարապում էի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աջամյանը՝ նշելով, որ հաղթանակն անսպասելի էր իր համար:

Դատապարտյալ Հակոբ Մարտիրոսյանը երեք հաղթանակ արձանագրեց՝ Ռուսաստանի, Անգլիայի և Բրազիլիայի թիմերի հետ խաղերում։

«Փոքր հասակից հայրս է սովորեցրել, դպրոցական տարիներին: Ասում էր՝ «եթե շախմատ խաղացիր, կյանքն էլ է շախմատ, կապրես կյանքում»: Ես սիրում եմ, միշտ ձգտում եմ հաղթել», - պատմեց Մարտիրոսյանը:

«Կոնկրետ որ մարդուն չես տեսնում, օնլայն ես խաղում, մի քիչ մտածմունքդ ուրիշ է՝ միգուցե իրեն հուշում են, միգուցե մի գրոսմայստեր կանգնած է մեջքի հետևը, իսկ ես էստեղ առաջարկում եմ մեր գրոսմայստերին, Ազգային ժողովի պատգամավոր ունենք, շատ լավ է խաղում, ասում եմ՝ «գոնե հուշեք, մեր երկրի պատիվն է», ասում են՝ «չէ, թողնենք արդար լինի, իրենք ինչ ուզում են թող անեն», - ասաց դատապարտյալը:

Հակոբ Մարտիրոսյանին երկու շաբաթից էլ քիչ է մնացել, որ ազատ արձակվի բանտից։ Նոր ծրագրեր ունի նոր սկսվող կյանքում։ Կցանկանար նաև համագործակցել Շախմատի ֆեդերացիայի հետ: «Ունեմ ապագա երկրին ծառայող զինվոր՝ 16 տարեկան տղա ունեմ, էս հինգ տարին բացակայել եմ նրա կյանքից, դա, ինձ թվում է, շատ է անդրադարձել իմ պակասությունը իմ տղայի կողքը: Հիմա լուրջ անելիքներ կա՝ աշխատել, մյուս-մյուս կենցաղային հարցերը կարգավորելու համար», - նշեց նա:

Դատապարտյալներին շախմատ խաղալու հարցում օգնել է միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը, ով այցելել է նրանց, նախապատրաստել միջազգային այս մրցաշարին։ Նա գոհ է արդյունքներից՝ հատկապես որ դատապարտյալների շարքերում պրոֆեսիոնալ շախմատիստներ չկան, մասնակիցներն ինքնուս են։

«Մեր օգնությամբ, և այստեղ քրեակատարողական հիմնարկը տրամադրել է ժամանակ իրենց, բավարար ժամանակ՝ և՛ նախաճաշից, և՛ ճաշից հետո, որպեսզի վարժվեն մկնիկին, որովհետև մի քիչ անսովոր կարող է լինի կոմպյուտերային խաղը, քան թե, ասենք, երբ որ խաղում ես դեմ-դիմաց, ինչպես նաև շախմատային գիտելիքների առումով, որ ավելի հասուն լինեն: Այս պահին գոհ եմ, դե գիտեք՝ մեծ երկրների հետ ենք խաղում, փոքր թվով բանտարկյալներ ունենք՝ մենք գնահատվում ենք որպես ապահով երկիր, և քիչ են մեր բանտարկյալները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քալանթարյանը:

Մրցաշարին ներկա էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, որը դատապարտյալների հավաքականի անդամներին նվիրեց աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հեղինակած «Գահերի խաղը» գիրքը։

«Ճիշտն ասած՝ էստեղ կարևորը ոչ թե մարզական կոմպոնենտն է, այլ՝ որ մարդիկ զգան, որ իրենք ևս աշխարհի մի մասնիկ են, այսինքն՝ փորձենք հնարավորինս ազատազրկված վայրի մասով սոցիալիզացման կամ այդ մարդկանց ևս մասնակից դարձնել ինչ-որ մի բանի ստեղծմանը», - ընդգծեց Մանուկյանը՝ հավելելով․ - «Այստեղ, կարծում եմ, հատկապես ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման հետևանքով աշխարհը դարձել է մոտ, և շատ կարևոր է, որ աշխարհը մոտ դառնա նաև ազատազրկման վայրում հայտնվածների համար»:

Պարբերաբար բանտեր այցելող պատգամավորը կարծում է, որ քրեակատարողական հիմնարկներում առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առողջապահական խնդիրներին։ Ըստ նրա՝ այս ոլորտում ավելի շատ կարիք կա ոչ թե օրենսդրության բարելավման, այլ՝ մեխանիզմների արդյունավետ կիրառման:

Դատապարտյալների միջազգային այս մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեցին Ռուսաստանի, երկրորդը՝ Բելառուսի, իսկ երրորդը՝ Իտալիայի դատապարտյալները։ Չորրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի թիմին միավորներով հաջորդեց Միացյալ Նահանգների թիմը, այնուհետև Բրազիլիան էր, իսկ աղյուսակը եզրափակեց Անգլիայի թիմը։ Հայաստանցի դատապարտյալները բանտի ղեկավարության կողմից կխրախուսվեն պատվոգրերով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG