Մատչելիության հղումներ

ԱՆ-ն մոտակա ամիսներին հանրային քննարկման կներկայացնի առողջության ապահովագրության հայեցակարգը․ Արսեն Թորոսյան


Առողջապահության նախարարությունը մոտակա ամիսներին կներկայացնի առողջության ապահովագրության հայեցակարգը հանրային լայն քննարկումների համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ համակարգի ներդրումը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում:

«Քանի որ քվեարկությունը ամփոփվեց, կարող ենք արձանագրել, որ հանրության մի ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը, ինչը տեղի կունենա մոտակա մի քանի տարիների ընթացքում: Կուզենամ անպայման ֆիքսենք, որ այն մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համակարգ է, և ոչ թե ֆինանսական համակարգ, ինչպիսին կամավոր ապահովագրությունն է։ Այն ապահովելու է այսպես կոչված աղետալի առողջապահական ծախսերի (catastrophic health expenditures) վերացումը համակարգում ներգրավված բոլոր անձանց համար, որոնք դեպքերի մի մասում բերում էին ընտանիքների աղքատացման։ Նոր համակարգի ներդրման ժամանակ այսօր գործող բոլոր պետական երաշխիքները մնալու են ուժի մեջ։ Մոտակա ամիսներին նաև կներկայացնենք առողջության ապահովագրության հայեցակարգը հանրային լայն քննարկումների համար» , - գրել է նախարարը:

Նշենք, որ Թորոսյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում քվեարկություն էր անցկացրել, պարզելու համար, թե ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում Հայաստանում առողջության համապարփակ պետական ապահովագրության համակարգի ներդրմանը։ Նախարարը նշել էր, որ համակարգն աշխատող բնակչությունից կպահանջի որոշակի ամսական վճարումներ աշխատավարձի 3-5 տոկոսի չափով՝ ի հավելումն եկամտահարկի, կընդգրկի տարիքային բոլոր խմբերը և կներառի պոլիկլինիկական, շտապ և հիվանդանոցային բուժսպասարկման հիմնական ծավալը և անվճար դեղորայք` մի շարք հիվանդությունների տնային պայմաններում բուժման համար։

Քվեարկությանը մասնակցած օգտատերերի 79 տոկոսը կողմ է արտահայտվել համակարգին, 21 տոկոսը՝ դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG