Մատչելիության հղումներ

Փաշինյանի ներկայացրած թվերը գեղեցիկ են, բայց հիմնավորումներ չկան․ նախկին գյուղնախարար


Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյան, արխիվ
Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյան, արխիվ

Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը դժվարանում է պատասխանել հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս ներկայացրած մինչև 2050 թվականն իրականացվելիք ռազմավարական նպատակները իրատեսակա՞ն են, թե՞՝ ոչ։

«Ազատության» հետ զրույցում նախկին նախարարեը նշեց՝ թվերը գեղեցիկ են, բայց հիմնավորումներ չկան։

«Եթե ուզում ենք տնտեսական հաջողություն արձանագրենք, հիմա 15 անգամ չլինի՝ 14 անգամ լինի, 16 անգամ լինի, պետության դերակատարությունը որպես տնտեսական քաղաքականություն իրականացնող պետք է շատ ավելի մեծ լինի, իսկ թվերն ուղղակի իրանք գեղեցիկ թվեր են։ Սերժ Սարգսյանն էլ 2040-ի համար գեղեցիկ թվեր էր ասել։ Գեղեցիկ թվեր ասելը շատ հեշտ է, խնդիրը դրանք հիմնավորելն է, բայց քանի հիմնավորումը չեմ տեսել, չեմ կարող ասել՝ դրանք իրատեսակա՞ն են, թե՞ իրատեսական չեն։ 30 տարվա հեռանկար ենք վերցրել, այսինքն՝ պետք է դնենք և նայենք, թե 30 տարվա ընթացքում ինչ դինամիկա են մարդիկ կանխատեսում, ինչ արդյունքի են ուզում հասնել, 30 տարվա մասին է խոսքը, 30 տարի առաջ այս օրը դեռ Սովետական Միություն էր» , - ասաց Խաչատրյանը։

Նախկին նախարարի կարծիքով՝ Փաշինյանի ներկայացրածը ոչ թե ծրագիր է, այլ ցանկություն։

«Այսինքն՝ քանի դեռ էդ փաստաթուղթը դրված չէ շրջանառության մեջ, չենք կարող ասել, որ դա ծրագիր է, կարող ենք ասել, որ կա ցանկություն։ Ծրագիր որպես այդպիսին, որը կա, դա 2014-ից 2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրն է նախորդների ժամանակ ընդունված և Կառավարության ծրագիրը 2019-2024 թվականների, ծրագիրը միայն դա է, էդ ծրագրով հնարավոր չէ էդ ցուցանիշներն ապահովել, հնարավոր չէ էդ տնտեսական առաջընթացն ապահովել, դրա համար եմ ասում՝ ծրագիր չկա, կա ցանկություն, միգուցե ծրագիրը կա, բայց դա հանրայնացված չի և ներկայացված չի», - ասաց Արթուր Խաչատրյանը։

Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ին հրավիրված հանրահավաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050 թվականն իրականացվելիք ռազմավարական նպատակները: Վարչապետը նշեց, որ «մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2․5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG