Մատչելիության հղումներ

Այն ինչ կատարել է այս իշխանությունը բավարար է, որ Արցախի տնտեսությունը 5 տարի բնական աճի. Արայիկ Հարությունյան


Այն ինչ կատարել է այս իշխանությունը մեկ տարի երկու ամսվա ընթացքում բավարար է, որ Արցախի տնտեսությունը 5 տարի բնական աճի, այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

«Ազատություն». – Վարչապետի հայտարարությունը նպատակների մասին՝ մինչև 2050 թվականը 5 մլն բնակչություն, 15 անգամ ավելացնել համախառն ներքին արդյունքը, Դուք որքանո՞վ եք իրատեսական համարում այս նպատակների իրագործումը հայաստանյան մասշտաբով։

Հարությունյան. - «Անկեղծ ասեմ՝ եթե ես լինեի վարչապետի տեղը, ես ավելի մեծ թվեր կներկայացնեի, որովհետև կոնկրետ ես չեմ ընդունում, որ 5 միլիոնը մեզ համար լավագույն ցուցանիշն է, սա քննադատություն չէ, ես նշեմ որ ցանկալի է, որ ավելի մեծ արդյունք ունենանք։ Իհարկե, խոսուն թվեր են, հետաքրքիր թվեր են, իրատեսական թվեր են, իհարկե, աշխատանք շատ պետք է, բայց ես համոզված եմ, որ 50 թվականին ավելի մեծ, ավելի հաճելի թվեր և արդյունքներ ենք ունենալու։ Եթե չեք տեսնում այն ձեռքբերումներն ու հաջողությունները այսօր Հայաստանում, դա քաղաքական կուրություն կարող եմ անվանել, ընդամենը։ Ես չեմ ուզում լինել քաղաքական կույր, հաճոյանալու ոչ մեկին ցանկություն չունեմ, բայց այն ինչ տեսնում եմ այսօր Հայաստանում այն հաջողությունները կամ նախադրյալները, որ կա ողջունում եմ։

Շատ բաների եմ տեղյակ՝ ինչ է անում այսօրվա Հայաստանի իշխանությունը առաջնագծի, բանակի մարտունակության աստիճանի բարձրացման, իսկ Ղարաբաղի համար ինչ արել են՝ թվերը, որը ներկայացնեմ, ոչ թե պիտի փորձենք հաճոյանալ, այլ ամեն օր պիտի մենք դրա մասին հայտարարենք։ Միջնաժամկետ ծախսային ծրագրում 2020 թվականի միջպետական վարկի տարբերությունը ավելի քան 8 միլիարդ է։ Պատմության մեջ նման բան չէր եղել, երբ որ մի քանի քայլերով Արցախի տնտեսության զարգացման համար ստեղծել են այնպիսի նախադրյալներ, որ առաջիկա մի քանի տարիները Արցախի տնտեսության աճի համար ապահոված են համապատասխան երաշխիքներով՝ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, նախկինում տրված վարկերի վերակառուցման առումով։ Այսինքն ես դա չգնահատեմ, ինչ է թե մի քանի ընդդիմադիրների համար դա հաճոյանա՞լ է դառնալու։ Այն ինչ կատարել է այս իշխանությունը մեկ տարի երկու ամսվա ընթացքում բավարար է, որ Արցախի տնտեսությունը 5 տարի բնական աճի։

«Ազատություն». - Վերջերս Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի միջնորդությամբ Ձեր և Սամվել Բաբայանի միջև հանդիպում է տեղի ունեցել, եթե համապատասխանում է իրականությանը այս տեղեկությունը, ի՞նչ եք պայմանավորվել այդ հանդիպման ընթացքում։

Հարությունյան. - Որևէ պայմանավորվածություն չի եղել, եթե պատահական դուրս գանք, այստեղ երկու հոգի միանանք զրուցենք, դա չի նշանակում, որ պայմանավորվածություն կա։ Կոնկրետ որևէ պայմանավորվածություն, համաձայնություն չի եղել և չի քննարկվել ընդհանուր առմամբ։ Դրա կարիքը չկա, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետը գա, և մենք երկուսով նստենք։ Ես էլ հնարավորություն ունեմ Սամվել Բաբայանի հետ, Սամբել Բաբայանը Վիտալի Բալասանյանի հետ, եթե անհրաժեշտ լինի այս նույն հյուրանոցում հանդիպել կամ գրասենյակում հանդիպել, զրուցել։ Ես հաճախ հանդիպում եմ Աշոտ Ղուլյանին, Վիտալի Բալասանյանին։

«Ազատություն». – Իսկ Սամվել Բաբայանին հանդիպե՞լ եք։

Հարությունյան. – Հանդիպած կամ, վերջերս մի երկու անգամ, պատահական հանդիպել ենք, զրուցել ենք, այսինքն եթե փողոցում տեսնում ենք, բարևում ենք, եթե սրճարանում տեսնում ենք զրուցում ենք։

«Ազատություն». - Ձեր մեջ լարվածություն չկա՞։

Հարությունյան. - Ես ոչ մեկի հետ լարվածություն չունեմ։

«Ազատություն». - Պարոն Հարությունյան, երեկ վարչապետը խոսելով կոնսենսուսների մասին, առաջինը նշեց բռնության բացառելը, հիմա հայաստանյան մամուլում շատ է գրվում, որ առջևում Արցախում ընտրություններ են և չի բացառվում ուժային տարբերակը, փողոցային տարբերակը։ Նման լուրեր տարածվեցին, որ այս համահայկական խաղերից հետո Սամվել Բաբայանի կողմնակիցները պատրաստվում են փողոցային պայքարի, Դուք բացառո՞ւմ եք, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ բռնությունների տարբերակով գործերը կգնան։

Հարությունյան. – Մենք թույլ չենք տա, որ Ղարաբաղում բռնություն կիրառվի ընդհանուր առմամբ ոչ միայն քաղաքական պրոցեսներում, այլ ընդհանուր առմամբ։ Եթե տեղի է ունենում խուլիգանություն, իրավապահները գնահատական են տալիս։ Բռնություն կիրառելն անթույլատրելի է, բացառվում է։ Ով որ փորձի օրենքը խախտի, պիտի պատասխանատվության ենթարկվի»։

«Ազատություն». – Հանրահավաքային պայքարի սպասո՞ւմ եք։

Հարությունյան. – Չեմ կարող բացառել, բայց դա ցանկալի չէ։ Դրա համար այսօր ուզում եմ, որ մենք փորձենք կանխել հանրահավաքային պայքարը, որովհետև հանրահավաքային պայքարը Արցախում այդքան էլ ցանկալի չէ։

«Ազատություն». – Պարոն Հարությունյան, վարչապետը երեկ ասաց, որ բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժեր ներգրավել ներհայկական գործերում, շատ կոշտ արձագանք կստանան, Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք, որ, օրինակ, Արցախում կան որոշ ուժեր, որոնք փորձում են դրսի ուժեր ներգրավել։

Հարությունյան. - Ես տեղեկացված չեմ, չեմ կարող ասել ինչքանով է, բայց եկեք չբացառենք, քանի որ տարածաշրջանը հետաքրքիր է շատ-շատ ուժերի, մենք գիտենք այդ ուժերը, կենտրոնները, որոնք կարող են Արցախը օգտագործելով տարածաշրջանը ապակայունացնել և իրենց դավադիր քայլերով փորձեն մասնակցություն ունենալ։ Ողջունում ենք միանշանակ վարչապետի այդ կարծիքը, որ պետք է արմատախիլ անենք նման ուժերը և չպետք է թույլատրենք ընդհանուր առմամբ որևէ մասնակցություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG