Մատչելիության հղումներ

Տեքսասում և Օհայոյում տեղի ունեցածը հանցագործություն էր մարդկության դեմ. Դոնալդ Թրամփ


«Տեքսասում և Օհայոյում տեղի ունեցածը հանցագործություն էր մարդկության դեմ», - քիչ առաջ Սպիտակ տանը հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ դատապարտելով նախօրեին երկու նահանգներում 13 ժամվա տարբերությամբ տեղի ունեցած հարձակումները, որոնց հետևանքով զոհվել էր 29 մարդ, մի քանի տասնյակը՝ վիրավորվել:

«Մենք պետք է հրատապ քայլեր ձեռնարկենք՝ նման միջադեպերը կանխելու համար», - հայտարարեց Թրամփը՝ կոչ անելով ամերիկացիներին միավորվել և համատեղ պայքարել այլատյացության ու անհանդուրժողականության դեմ։

«Մեր ժողովուրդը միաձայն պետք է դատապարտի խտրականությունը, մոլեռանդությունը և սպիտակ ազգայնականությունը: Ես հանձնարարել եմ Հետաքննությունների դաշնային բյուրոյին ուսումնասիրել և համարժեք քայլեր ձեռնարկել ներքին ահաբեկչության դեմ: Այս աղետաբեր գաղափարախոսությունները պետք է պարտության մատնվեն: Ամերիկայում ատելությունը տեղ չունի: Ատելությունը խաթարում է միտքը, դատարկում է սիրտն ու կուլ տալիս հոգին», - նշել է Թրամփը:

Օհայոյի և Տեքսասի ողբերգական միջադեպերից հետո՝ ուղերձով դիմելով Ամերիկայի ժողովրդին, Դոնալդ Թրամփը պնդեց՝ անհրաժեշտ է մահապատժի դատապարտել նրանց, ովքեր զենք են բարձրացնում ատելության ու անհանդուրժողականության հողի վրա:

«Այսօր ես նաև հանձնարարում եմ Արդարադատության նախարարությանը օրենսդրական առաջարկներ ներկայացնել, որոնցով ատելության հողի վրա կատարված հանցագործությունների կամ զանգվածային սպանությունների հեղինակները կկանգնեն մահապատժի առջև, պատիժն էլ կիրագործվի արագորեն, ոչ թե անիմաստ ու տևական հետաձգումներից հետո», - ասաց Սպիտակ տան ղեկավարը։

Դոնալդ Թրամփի այս խոսքերին ընդդիմախոսներից շատերն էին սպասում, քննադատները պնդում էին, որ ողբերգությանը հետևած ելույթներում ու թվիթերյան գրառումներում նա կատարվածին համարժեք արձագանք չէր տվել։ Կրքերը է՛լ ավելի էին թեժացել, երբ Սպիտակ տան ղեկավարը պատճառների շարքում թվարկել էր նաև հոգեկան շեղումները, հետո էլ մեղադրանքի սլաքն ուղղել էր լրատվամիջոցների կողմը:

«Մեդիան մեծ պատասխանատվություն ունի մեր երկրում կյանքի և անվտանգության համար: Կեղծ լուրերը մեծապես նպաստում են զայրույթի ու վրեժխնդրության, որը տարիներ ի վեր արմատացել է: Լուսաբանումը պետք է սկսի լինել արդար, հավասարակշռված, անկողմնակալ, կամ այս ահավոր խնդիրները է՛լ ավելի կխորանան», - զգուշացրել էր նախագահ Թրամփը:

Ընդդիմախոսներն իրենց հերթին շտապել էին հիշեցնել՝ Սպիտակ տուն գալուց հետո հենց ինքը՝ Դոնալդ Թրամփն է բաժանարար գծեր դնում ամերիկացիների ու ներգաղթյալների միջև, ինչը կարող է պարարտ հող ստեղծել ազգայնականների համար: Քննադատները փաստել էին՝ Տեքսասի հանցագործության մեջ մեղադրվող 21-ամյա երիտասարդը, ըստ որոշ հաղորդումների, հանցագործությունից առաջ համացանցում հատուկ մանիֆեստ էր տարածել՝ դատապարտելով իսպանախոսների «ներխուժումն ու տարածումը Մեքսիկայի հետ սահմանակից նահանգում»:

Թեև պաշտոնապես չի հաստատվել, որ հենց նա է այս խոսքերի հեղինակը, սակայն փաստ է, որ հանցագործությունը կատարելու համար Պոլ Կրուսիուսը որոշել էր 8-ժամանոց ճանապարհ կտրել-անցնել և անկանոն կրակահերթեր բացել հենց այն հանրախանութում, որը մշտապես աչքի է ընկել մեքսիկացիների առատությամբ:

«Ինչ-որ բան արեք, քայլ արեք», - երեկ, դիմելով Օհայոյի նահանգապետին ու Նահանգների կառավարությանը, բացականչում էին փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ:

Նախընտրական այս օրերին, երբ ողջ երկիրը պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք նախագահական մրցապայքարին, բողոքի այս ցույցերն ու պահանջներն առավել հաճախակի են դառնում:

Տեքսասում ծնված Բետո Օ՛Ռուրկը, ով հավակնում է դառնալ դեմոկրատների թեկնածուն նախագահական մրցապայքարում, կատարվածի մեջ նախագահ Թրամփին է մեղադրել, հավանական մեկ այլ թեկնածու՝ Փիթ Բաթինգն էլ պնդել է՝ պատճառը սպիտակ ազգայնականության գաղափարախոսությունն է, որը հովանավորվում է Ամերիկայի կառավարության ամենավերին օղակներում:

Արձագանքելով այս քննադատություններին՝ նախագահ Թրամփն այսօր Թվիթերի իր էջում պնդել էր՝ անհրաժեշտ է արմատախիլ անել այլատյացությունն ու առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել զենքի կիրառման ու վերահսկման ոլորտում: «Մենք պետք է այս հարցում միասնական լինենք, դեմոկրատներն ու հանրապետականները պետք է համատեղ գործեն», - պնդել էր նախագահ Թրամփը: Սպիտակ տան ղեկավարը, սակայն, այդպես էլ չէր հստակեցրել՝ կոնկրետ ի՞նչ մեխանիզմներ է ինքն առաջարկում, և ինչպե՞ս է տեսնում Ամերիկայի համար առանցքային այս հարցի լուծումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG