Մատչելիության հղումներ

Նախորդ տարվա համեմատ այս տարի հրդեհների աճը կազմում է շուրջ 74 տոկոս


Երևանի հեռուստաաշտարակի մերձակայքում տասնյակ հեկտարներ կազմող տարածքը երեկ հայտնվել էր կրակի ճիրաններում: Սա վերջին շրջանում արձանագրված հրդեհներից մեկն էր, միայն երեկ տասնյակ հրդեհներ են գրանցվել ողջ հանրապետության տարածքում, իսկ այս տարվա ընթացքում դրանց քանակն աննախադեպ մեծ է, արձանագրել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Նախորդ տարվա համեմատ աճը կազմում է շուրջ 74 տոկոս: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, հրդեհների առյուծի բաժինը գրանցվում է չորացած խոտածածկ տարածքներում, դա էլ իր հերթին պայմանավորված է մայիսին և հունիսի սկզբին գրանցված բարձր ջերմաստիճանի հետ, անգամ մի քանի օր ջերմաչափի սնդիկը սյունը հասել է 40-ի, ինչն անհետևանք մնալ չէր կարող։

Այդուհանդերձ, ԱԻՆ հրդեհային և տեխնիկական ապահովության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը շեշտում է՝ հրդեհները մեծամասամբ մարդկային գործոնի հետևանք են:

«Հրդեհների առաջացման ճնշող մեծամասնությունը մարդածին են, այսինքն մարդու գործունեության հետ են կապված», - նշեց Հայրապետյանը։

Պաշտոնյաի խոսքով՝ քաղաքացիների իրավագիտակցությունը հրդեհային անվտանգության մասով բարձր չէ: - «Շատերը չեն հասկանում հրդեհային ավտանգության պահպանման կարևորությունը կանոնների։ Հաճախ խախտում են դրանք, չեն կատարում պահանջները, ինչի պատճառով մենք ականատես ենք լինում տարբեր հրդեհների», - ընդգծեց Հայրապետյանը։

Նախարարությունը վերջին շրջանում SMS հաղորդագրությունների միջոցով պարբերաբար տեղեկացնում է քաղաքացիներին հրդեհների վտանգի մասին, սակայն դա, ըստ էության, արդյունավետ չէ, քաղաքացիները շարունակում են տարրական սխալներ գործել՝ վտանգելով ուրիշներին:

«Չմարված լուցկին կամ չմարված ծխախոտի մնացորդը չի կարելի նետել չոր խոտածածկույթի վրա, ժողովրդի լեզվով ասած, մի քիչ ֆայմի հարց է, կարելի է հասկանալ չէ՞, որ դա կբռնկվի, ասեմ նաև աղբամանի հարցը, ծխախոտը նետում են աղբամանի մեջ, որտեղ ճնշող մեծամասնությունը այրվող նյութեր են, թուղթ է և այլն, որոնք րոպեներ անց բռնկվում են որպես կանոն», - ասաց ԱԻՆ հրդեհային և տեխնիկական ապահովության հետաքննության վարչության պետի տեղակալը։

Նույն սխալները կրկնում են նաև քաղաքից դուրս իրենց հանգիստն անցկացնողները, կրակ են վառում, խորոված անում, բայց հեռանալիս չեն հանգցնում։

Կիսահանգած վիճակում թողնում հեռանում են, մի կայծ էլ թռնում է չոր խոտի վրա ու բռնկվում է, աղբ են կուտակում, ապակյա շշեր են կուտակում, որոնք ֆոկուսացնում են արևի ճառագայթները ու հրդեհ են առաջացնում», - նշեց նա։

Հայրապետյանն ասում է՝ բարեբախտաբար մեծ մասշտաբի հրդեհներ դեռ չեն եղել, նա քաղաքացիներին զգոնության կոչ է անում. «Աստված մի արասցե մեծ, խոշոր հրդեհներ ունենանք, որոնք կբերեն ծանր ու ողբերգական հետևանքների»։

Պաշտոնյան հորդորում է՝ հրդեհ հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել 911:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG