Մատչելիության հղումներ

Ամերիկայում սպասում են Թրամփի ուղերձին՝ երկու նահանգներում զանգվածային սպանությունների առնչությամբ


ԱՄՆ - Էլ Պասոյում զինված հարձակման զոհերի ոգեկոչման արարողություն Մեքսիկայի հետ սահմանին կառուցված ցանկապատի մոտ, 3-ը օգոստոսի, 2019թ․

Ամերիկայում այսօր սպասում են նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին, ակնկալվում է, որ ուշ երեկոյան Սպիտակ տան ղեկավարը կդիմի ժողովրդին՝ երկու նահանգներում մեկը մյուսին հաջորդած զանգվածային սպանությունների առնչությամբ, որոնց հետևանքով 29 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը՝ վիրավորվել:

Բռնությունների շղթան սկսվել էր երեկ՝ օրվա առաջին կեսին, Տեքսասի նահանգի Էլ Պասո ավանի «Ուոլմարտ» խանութներից մեկում, ուր զինված մարդասպանը անկանոն կրակ էր բացել հաճախորդների ուղղությամբ: 20 մարդ սպանվել էր, 26-ը՝ վիրավորվել:

Ընդ որում, հարձակման պահին խանութում հազարավոր մարդիկ էին եղել, հիմնականում՝ հարևան Մեքսիկայից, ինչն էլ հիմք էր տվել ենթադրելու, թե հանցագործությունը տեղի է ունեցել ատելության հողի վրա: Կատարվածի շուրջ կրքերը չէին մարել, երբ նույնատիպ սցենարով մեկ այլ բռնություն էլ արձանագրվել էր Օհայո նահանգում: Դեյթոնում մարդասպանը կրակ էր բացել բացօթյա բարերից մեկում, 9 մարդ սպանվել էր, մոտ երկու տասնյակը՝ վիրավորվել:

Ոստիկանները դեպքի վայր էին հասել ակնթարթային արագությամբ՝ երեսուն վայրկյան անց արդեն զինված հանցագործը սպանվել էր, ողբերգական միջադեպերի շուրջ քննարկումները, սակայն, երկրորդ օրն է՝ կրկին օրակարգ են բերել զենքի անարգել վաճառքի և այս ոլորտում հսկողությունը խստացնելու շուրջ քննարկումները:

«Դեռ քանի՞ կյանք պետք է կորցնենք: Քանի՞ համայնքներ պետք է պառակտվեն: Մենք վաղուց պետք է գործի դիմեինք և վերջ տայինք այս բռնության վարակին», - Թվիթերում նախօրեին գրել էր Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, ով հավակնում է դառնալ դեմոկրատական ճամբարի թեկնածուն հաջորդ տարվա նախագահական ընտրություններում:

«Որևէ բան չի կարող արդարացնել կատարվածը, ատելությունը մեր երկրում տեղ չունի», - իր հերթին հայտարարել էր նախագահ Թրամփը: Ընդ որում, առաջին բռնությանը՝ Տեքսասում տեղի ունեցած հարձակմանը, Սպիտակ տան ղեկավարը արձագանքել էր թվիթերյան գրառմամբ, երկրորդ հարձակումից հետո, մինչդեռ, ընդհատել էր հանգիստն ու վերադարձել մայրաքաղաք:

«Ոստիկանությունը երկու դեպքում էլ շատ արագ է գործել, Օհայոյում իրավապահները դեպքի վայր են հասել մեկ րոպեից էլ քիչ ժամանակում և սպանել հարձակվողին: Ատելությունը տեղ չունի մեր երկրում, ես խոսել եմ գլխավոր դատախազի հետ, խոսել եմ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի հետ, Կոնգրեսի անդամների հետ՝ հնարավոր քայլեր ձեռնարկելու շուրջ: Մենք պետք է վերջ տանք այս ամենին, սա արդեն տևական ժամանակ է՝ շարունակվում է մեր երկրում», - նշել էր Սպիտակ տան ղեկավարը։

Նախագահ Թրամփի այս արձագանքը ընդդիմախոսներին չէր բավարարել, քննադատության թիրախում է հայտնվել հատկապես նրա պնդումը, թե նման հանցագործները հոգեկան լուջ խնդիրներ ունեն: «Սա նաև հոգեկան հիվանդության հետ կապված խնդիր է», - ասել էր Սպիտակ տան ղեկավարը, այն դեպքում, երբ ո՛չ քննիչները, ո՛չ բժիշկները այդ պնդումը հաստատող որևէ փաստ մինչ օրս չեն հրապարակել:

Մտացածին վարկածներ առաջ քաշելու փոխարեն՝ Ամերիկայի նախագահը պետք է առավել հստակ ու կոշտ գնահատական տա ատելությանը, հայտարարում են ընդդիմախոսները՝ հիշեցնելով, որ Տեքսասի 21-ամյա մարդասպանը հարձակումից առաջ համացանցում մանիֆեստ է թողել՝ դատապարտելով իսպանախոսների ներխուժումն ու զարգացումը Մեքսիկայի հետ սահմանին ընկած նահանգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG