Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի 2֊րդ փոխարինող անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն արդեն ստացել է հանձնաժողովի համակարգում գրանցվելու և նյութերին ծանոթանալու հնարավորություն:
Խզմալյանը ծանոթ է արդարադատության նախարար Ռուտամ Բադասյանի այն մեկնաբանությանը, թե Վենետիկի հանձնաժողովում երկրորդ փոխարինող անդամին ներկայացնելու որոշումը պայմանավորված է հանձնաժողովում քննարկումների ժամանակ Հայաստանից հավասարակշռված և օբյեկտիվ կարծիք ունենալու ցանկությամբ: Խզմալյանը հստակեցնում է՝ ինքը Վենետիկի հանձնաժողովում բալանսավորման առաքելությունը չի ստանձնում:
«Իմ կողմից ասեմ՝ ես չեմ ստանձնում բալանսավորման առաքելություն, ես ստանձնում եմ իմ մասնագիտական հմտությունները օբյեկտիվ և անաչառ իրագործելու հանձնառություն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Խզմալյանը՝ շարունակելով․ - «Պարզ ասեմ՝ ես չեմ ուզում մեկնաբանել հանձնաժողովի այլ անդամների աշխատանքի որոշակի ենթատեքստեր, որոնց մասին քննարկումներ կարող են լինել: Ես ուղղակի իրավասու չեմ դա մեկնաբանել»:
1997 թվականից Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի անդամն է Բարձրագույն դատական խորհրդի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ փոխարինող անդամը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ 2015 թվականի փոփոխությամբ ընդունված Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանն է:
Վենետիկի հանձնաժողովը վերջին շրջանում հայաստանյան հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց մի քանի գործերի շրջանակում: Նախ՝ Սահմանադրական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հուլիսի 18-ի որոշմամբ դիմեց ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով: Առաջարկը եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից:
Արա Խզմալյանը ծանոթացել է Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցերին․ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջադրած ներկայացուցիչն ասում է՝ այս հարցով Վենետիկի հանձնաժողով դիմելը խնդրահարույց է․ - «Խնդրահարույց է մեր ներպետական օրենսդրության տեսանկյունից՝ հաշվի առնելով 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ուժով միջազգային պայմանագրերի կարգավիճակի փոփոխությունը սահմանադրական իրավունքի տեսանկյունից: Մասնավորապես, Սահմանադրությունից հանվել է այն դրույթը, որի համաձայն վավերացրած միջազգային պայմանագրերը ներպետական իրավական համակարգի մաս են կազմում ավտոմատ: Բայց սա նախնական գնահատական է, ու կարծիքս դեռ պետք է վերջնականացնեմ խնդիրը ավելի մանրամասն ուսումնասիրելով»:
Ինչ վերաբերում է Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցին, որով Վենետիկի հանձնաժողով է դիմել արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը, Խզմալյանը նշում է՝ հարցը բարդ վերլուծություն է ենթադրում, բայց այս պահին ինքը Սահմանադրության հետ հակասություն չի տեսնում:
Նշենք, որ միջազգային կառույցը այս երկու հարցերի վերաբերյալ էլ խորհրդատվական եզրակացություն դեռ չի ներկայացրել։
Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված Արա Խզմալյանը իր մյուս երկու գործընկերների՝ Գագիկ Հարությունյանի և Վարդան Պողոսյանի հետ աշխատանքային քննարկում դեռ չի ունեցել: