Մատչելիության հղումներ

Այս պահին կրակոցները նվազել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի շնորհիվ․ ԶՈՒ ԳՇ պետ


Չնայած հուլիսի վերջին հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությանը, որի հետևանքով հայկական կողմը զոհ ունեցավ, այս պահին սահմանին հանգիստ է, ասում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ դա պայմանավորելով նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի կիրառմամբ։

«Վերջին երկու օրվա ընթացքում կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում ընդհանրապես կրակոցներ չեն եղել», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը:

Դավթյանի խոսքով հայկական զինված ուժերը սահմանային վերջին լարումները դիտարկում են որպես սադրանք Ադրբեջանի կողմից, որոնց հետևանքով հակառակորդի կրակոցից կյանքից հեռացավ պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Բուլղադարյանը:

«Ցավոք սրտի ունեցանք մեկ զոհ և վիրավոր: Այո՛, ունեցել ենք, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ ասել, որ պարբերաբար նման դեպքեր եղել են և որքան ցավալի լինի՝ սպասում ենք, որ դեռ կլինեն», - նշեց նա:

Գլխավոր շտաբի պետը հայտնում է՝ լարվածության աճի պարագայում Հայաստանի և Ադրբեջանի օպերատիվ կապն ըստ անհրաժեշտության կիրառվում է․ - «Այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունը, քչացումը նաև արդյունք է տվյալ կապով աշխատանքների»:

Դավթյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին, որոնք պաշտոնական վարկածով ինքնասպանություն են որակվել:

Հուլիսին ճակատին ստացած հրազենային վնասվածքից մահացած Համիկ Վարդանյանի հարազատները պնդում են, որ զինվորին սպանել են, սակայն դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։

«Հարազատների ընդունել կամ չընդունելը ես ոչ մի ձև չեմ կարող մեկնաբանել, դա անձնական գործ է և նորից եմ ասում՝ քրեական գործի շրջանակում կպարզվի: Մենք՝ որպես զինված ուժեր, շահագրգռված ենք, որպեսզի հանգամանքների ամբողջ տիրույթն ի հայտ գա և ըստ դրա որոշումներ կայացնենք», - ասաց Արտակ Դավթյանը:

Գլխավոր շտաբի պետը պնդում է՝ զինված ուժերն աշխատում են ինքնասպանությունների թիվը կրճատելու ուղղությամբ․ - «Եթե հրամանատարները չաշխատեն ապա ինքնասպանությունների թիվը կլինի ոչ թե 2 այլ 12: Մենք ունեցել ենք այս տարի 2-3 անվանական դեպքեր, երբ որ կանխվել են ինքնասպանության դեպքեր կոնկրետ զինծառայողների»:

Որպես իրենց կատարած աշխատանքի ցուցանիշ Գլխավոր շտաբի պետը թվեր է ներկայացնում: Ըստ նրա՝ վերջին մեկ տարվա ընթացքում զորամասն ինքնակամ լքած զինծառայողների թիվը մի քանի անգամ պակասել է։

Դավթյանն անդրադարձավ նաև բանակում Հայ Առաքելական եկեղեցու կողմից անցկացվող միջոցառումներին, նա վստահեցրեց՝ զինծառայողներին չեն պարտադրում մասնակցել դրանց․ - «Չմոռանանք, մենք զինված ուժերում ունենք նաև ոչ քրիստոնյա զինծառայողներ: Փորձում ենք հաշվի առնել, հարգել իրենց հավատքը և որևէ կերպ չենք սահմանափակում և այդ առթիվ որևէ աշխատանք չենք անում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG