Չինաստանը հայտարարել է, որ անպայման կպատասխանի չինական արտադրանքի վրա նոր հարկեր սահմանելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
Թրամփը 10-ը տոկոսով բարձրացրել է 300 միլիարդ դոլարի չինական արտադրանքի մաքսատուրքը: Այդ որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերից:
«Չինաստանը շատ բան պետք է անի վիճակը փոխելու համար, անկեղծ եմ ասում, եթե չանեն, ես էապես կբարձրացնեմ մաքսատուրքը», - սպառնացել է Թրամփը:
Նա այդ որոշումն է կայացրել այն բանից հետո, երբ Շանհայում ապարդյուն են ավարտվել ամերիկյան և չինական պատվիրակությունների բանակցությունները փոխադարձ առևտրի ոլորտում հավասարակշռությունը վերականգնելու հարցի շուրջ:
ԱՄՆ նախագահը միաժամանակ հուսով է, որ Պեկինի հետ բանակցույունները կշարունակվեն, և կողմերը լուծում կգտնեն:
Մինչդեռ, Պեկինը հայտարարել է, որ «ճնշում բանեցնելու գործելակերպը Չինաստանի պարագայում անիմաստ է»: