Մատչելիության հղումներ

Վրացական լարին արժեզրկվում է


Վրաստան - Լարիի փոխարժեքը Թբիլիսիի փոխանակման կետերում, 1-ը օգոստոսի, 2019թ․
Վրաստան - Լարիի փոխարժեքը Թբիլիսիի փոխանակման կետերում, 1-ը օգոստոսի, 2019թ․

Վրացական լարին արժեզրկվում է: Մեկ դոլարի դիմաց վերջին երկու օրերին պաշտոնական փոխարժեքը հասել էր գրեթե 3 լարիի, իսկ առևտրային բանկերում և արտարժույթի փոխանակման կետերում՝ 3 լարիից ավելի:

Իշխանությունները լարիի արժեզրկման քաղաքական պատճառներ են տեսնում՝ դա կապելով Ռուսաստանի հանդեպ վերջին շրջանում հնչած կոշտ արտահայտությունների, անգամ Ռուսաստանի նախագահի հասցեին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հնչած հայհոյանքի հետ:

Մասնավորապես, փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին ասել է, թե լարիին քաղաքական կայունություն է անհրաժեշտ: «Եթե մենք վերլուծում ենք մինչև հունիսի 20-ը և հունիսի 20-ից հետո ընկած գործընթացները, ապա տեսնում ենք, որ լարիի փոխարժեքը սկսեց ընկնել հենց այդ շրջանում: Հենց այդ քաղաքական գործընթացների, պետական հեղաշրջման փորձի, քաղաքական անկայունության, խորհրդարան ներխուժելու փորձի, ուղիղ եթերում հարևան երկրի առաջին դեմքի հասցեին հնչած հայհոյանքների, դրա արդյունքում զբոսաշրջային ոլորտում պատժամիջոցներ կիրառելու հետևանքով», - ասել է Ցկիտիշվիլին:

Վրաստանի ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն ևս ասել է, թե լարիի փոխարժեքն ընկել է զբոսաշրջիկների հոսքի կրճատման հետևանքով: Երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրել էր, որ անհրաժեշտ լծակներ ունեն սղաճ թույլ չտալու համար:

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Զուրաբ Չիաբերաշվիլիի կարծիքով, մինչդեռ, լարիի փոխարժեքը ճշգրիտ արտացոլում է տնտեսության ծանր վիճակը, որը թուլացել է իշխող «Վրացական երազանք»-ի տնտեսական անմիտ քաղաքականության հետևանքով: Նրա խոսքով՝ միջնաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է արդար դատարան, «անիմաստ կարգավորումների» չեղարկում և հարկերի նվազեցում: Միաժամանակ, ըստ պատգամավորի, կարճաժամկետ առումով լարիին այլևս ոչինչ չի օգնի, քանի որ Բիձինա Իվանիշվիլիի ու «Վրացական երազանք»-ի կառավարության նկատմամբ վստահությունն ընկել է: Նա քաղաքական լուծում է տեսնում՝ գտնելով, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, ու ձևավորվի նոր կառավարություն: Չիաբերաշվիլիի կարծիքով, դա կլինի նվազագույն քայլը՝ կանխելու համար սպասվող խուճապը:

Օգոստոսի 1-ին Վրաստանի ազգային բանկը 32 միլիոն 800 հազար դոլար է վաճառել՝ փորձելով ֆինանսական ինտերվենցիայի միջոցով կայունացել լարիի փոխարժեքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG