Հայաստանի վարչապետը օգոստոսի 5-ին ժամը 19-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սևանա լճի ափից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:
«Ինչպես տեղյակ եք, օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարևոր մի իրադարձություն՝ Համահայկական խաղերի բացումը, և այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր մասերի ներկայացուցիչները, բոլոր հատվածների ներկայացուցիչները: Եվ ես կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է՝ մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները ճշգրիտ և արդյունավետ օգտագործելու մասին: Եվ ահա այս կապակցությամբ մտադիր եմ օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և սիրով հրավիրում եմ բոլորիդ՝ ներկա գտնվելու այդ օրը, որովհետև կարծում եմ, որ տեղի է ունենալու իսկապես շատ կարևոր խոսակցություն», - ասաց վարչապետը:
«Իհարկե, կանդրադառնամ նաև հայաստանյան, արցախյան, սփյուռքյան օրակարգին վերաբերող առանձին հարցերի, բայց ընդհանուր առմամբ մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրում անելը և սրանից բխող հետևություններ անելը», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Տե՛ս նաև այստեղ