Մատչելիության հղումներ

«Վերևից հրամայել են հայերին գործից հանել»․ Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներն ահազանգում են


Ռուսաստան - Օդանավեր Սոչիի օդանավակայանում, արխիվ

Երկու օր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից ազատում է ազգությամբ հայ աշխատողներին:

Հայտարարությունը ստորագրել է 29 մարդ: «Ազատությանը» հաջողվեց զրուցել նրանցից մի քանիսի հետ: Նրանք պատրաստակամությամբ պատասխանում էին մեր հարցերին՝ ասելով, թե ակնկալում են, որ լրագրողների միջոցով գոնե կկարողանան բարձրաձայնել խնդիրը:

Օդանավակայանի՝ հայտարարությունը ստորագրած աշխատակից Սարգիս Մարգարյանը, մասնավորապես, «Ազատությանը» պատմեց՝ իրեն ներքին կարգով ասել են, թե կա հրահանգ վերևից՝ աշխատանքից ազատել բոլոր հայերին, և առաջարկել են դիմում գրել:

«Ես դիմում չեմ գրել, պատրաստվում եմ պայքարել նրանց դեմ: Որևէ կոնֆլիկտ հայերի և ղեկավարության միջև օդանավակայանում չի եղել: Չենք հասկանում, թե ինչ է սա: Դիմելու ենք նույնիսկ դատախազություն», - ասաց Մարգարյանը:

«Այսինքն՝ Դուք պատրա՞ստ եք դատարանում հայտարարել, որ Ձեզ ասել են՝ «աշխատանից ազատվելու դիմում գրիր, որովհետև հայ ես», - «Ազատության» այս հարցին Սարգիս Մարգարյանն արձագանքեց․ - «Այո, հենց այդպես էլ ասել են»:

Աշոտ Կարագեչյանը, իր հերթին, հայտարարեց․ - «Այն ամենը, ինչ նշված է հայտարարությունում, միանշանակ ճիշտ է: Ես հաստատում եմ այդ հայտարարության ամեն տողը»: Իսկ թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել օդանավակայանում, նա դժվարացավ ասել:

Մեկ այլ աշխատակից՝ Ալբերտ Մինասյանը պատմեց․ - «Իմ անմիջական ղեկավարը՝ մեր ինժեները ինձ մոտեցավ և ցածրաձայն ասաց․ - «Գիտե՞ս, ինչ-որ անհեթեթություն է կատարվում, բայց վերևից հրամայել են հայերին գործից հանել»: Նա ինձ խորհուրդ տվեց դիմում գրել և թողնել աշխատանքս: Ես հո հիմար չեմ, որ գրեմ»:

Սոչիի օդանավակայանը Ռուսաստանի նախագահ ՎլադիմիրՊուտինի մտերիմ օլիգարխ Օլեգ Դերիպասկայի «Բազել Աէրո» ընկերությանն է պատկանում: Ընկերության մամուլի ծառայության ղեկավար Աննա Շալիմովան, վկայակոչելով Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, «Ազատության» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հերքեց հայազգի աշխատակիցների հայտարարությունում տեղ գտած մեղադրանքները, նշելով, թե օդանավակայանի անձնակազմը բազմազգ է, և կադրային քաղաքականությունը ընկերությունում համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրությանը: Բացի այդ, Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնում է․ - «Սակայն մարդկանց մի փոքրիկ խումբ, որ վերջերս են դադարել աշխատել ընկերությունում, դիտավորյալ օգտագործում են ազգային պատկանելիությունը՝ պահանջելով հատուկ պայմաններ իրենց համար: Մենք համարում ենք, որ այս խմբի գործունեությունը ոչ միայն իրավական դաշտում չէ, այլ նաև հրահրում է ազգամիջյան ատելություն, ինչն անթույլատրելի է»:

Նշենք՝ գոնե այն մարդիկ, ում հետ խոսել է «Ազատություն»-ը, նախկին աշխատողներ չեն, այսօր էլ աշխատում են օդանավակայանում և պատմում են, որ իրենց խնդրել են աշխատանքից ազատման մասին դիմում գրել, որովհետև հայ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG