Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի վրա մոմ թափած կինը


Մինչ ներկա ու նախկին պաշտոնյաները, հասարակ օգտատերերը Ֆեյսբուքում ակտիվորեն քննարկում էին գերեզմաններում տարօրինակ հետքեր թողնող մարդկանց գործողությունների դրդապատճառներն ու տարբեր վարկածներ առաջ քաշում՝ ընդհուպ մինչև ազգային անվտանգության դեմ ոտնձգություն ու իշխանությունների դեմ իրականացված միտումնավոր սադրանք, ոստիկանները օրվա վերջում հայտնեցին՝ հայտնաբերել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի վրա մոմ թափած կնոջը։

Ոստիկանները հայտնաբերել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի վրա մոմ թափած անձին։

Իրավապահները տեղեկություններ են ստացել, որ «Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

Համացանցում տարածված տեսանյութից հետո՝ այսօր առավոտյան «Եռաբլուրում» էին Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները։ Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանն ասաց՝ անգամ շիրմաքարի մի հատված կոտրել են. ֊ «Ամբողջը լաքաներ են, մի կերպ ես մաքրեցի։ էստեղ քարն են ջարդել։ Մոմի հետքեր են, ամբողջը մոմ ա։ Տեսեք՝ քարն ինչ վիճակի ա»։

Զոհերի հարազատները, որոնք այսօր էլ դեռ շարունակում էին մաքրել շիրմաքարերը, պատմեցին. ֊ «Մեզ ասացին՝ մի անհանգստացեք, կգտնենք չարագործերին։ Ավիրել, թողել են, ինչ ասես»։

Մինչ ոստիկանության հայտարարությունը «Եռաբլուր» էին այցելել Ազգային ժողովի պատգամավորներ, Պաշտպանության նախարարության աշխատակիցներ։ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը շեշտեց․֊ «Մենք էստեղ ենք, որ արձանագրենք, որ մեր ուշադրությն տակ է լինելու այս խնդիրը»։

Այստեղ էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը. ֊ «Ով ուզում է արած լինի, եթե սա միտումնավոր արած է պետք է պատժվեն օրենքի ողջ խոստությամբ»։

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասում է՝ վերջին շրջանում հաճախակի են դարձել նման դեպքերը։ Եվ դեռ հուլիսի 23-ին գերեզմանաքարերի պղծման դեպքերով Երևանի քաղաքապետարանը դիմել էր ոստիկանություն. ֊ «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում բազմաթիվ նման դեպքեր են արձանագրվել։ Երևանում առկա է մոտ 20 գերեզմանատուն, 9 գերեզմանատներում էդպիսի դեպքեր արձանագրվել են և Համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրինությունը այդ դեպքերով հաղորդում է տվել Ոստիկանություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG