Մատչելիության հղումներ

«Կերամա Մարացի»-ի սեփականատերը և նախկին աշխատակիցը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում


Երևանի բնակիչ Բյուրական Բաղդասարյանը, որը 2012-ից 2017 թվականներին աշխատել է մայրաքաղաքում գործող «Կերամա Մարացի» խանութում որպես գլխավոր գանձապահ, պնդում է՝ խանութի սեփականատերն ու աշխատակիցը գումար պահանջելով իրեն խոշտանգել են։ Երևանում գործող սանտեխնիկայի խոշորագույն խանութներից մեկի համասեփականատերը, մինչդեռ, հերքում է այս մեղադրանքները և պնդում՝ հենց իրենց նախկին աշխատակիցը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:

Խնդիրները սկսվել են 2017-ին, երբ Բաղդասարյանը որոշել է ազատվել աշխատանքից սեփական բիզնես՝ համակարգիչների խանութ ունենալու պատճառով, Բաղդասարյանի պնդմամբ՝ դիմումը գրելուց հետո իրեն կանչել են համասեփականատեր Հայրապետ Կարապետյանի սենյակ և հայտնել, թե խանութից մեծ չափերի գումարներ է գողացել:

«Ծրագիրը բացեցին՝ «բա էս ի՞նչ գործարքներ ա», ես էլ ասեցի՝ էն գործարքներն ա, որ տնօրենը ասել ա, արել եմ, բա՝ «սուտ ա, տենց բան չկա, էսի դու ես արել», - նշեց Բյուրական Բաղդասարյանը։

Խոսքը մոտ 170 միլիոն դրամի մասին է։ Բաղդասարյանն ասում է՝ գործարքներ անելու օնլայն ծրագիր մուտք գործելու հնարավարություն սեփականատերերն էլ են ունեցել և իր աշխատելու տարիների ընթացքում չէին կարող չնկատել այդպիսի չափի գողությունը:

«Ես ո՞նց կարամ 170 միլիոն ձեզանից տանեմ էս երեք տարվա մեջ ու ոչ մի տեղ չերևա էլի էս ծրագրում շրջանառությունից էսքան փող պակասի, մի աշխատողը սովորական էդքան բան տանի», - ասաց Բաղդասարյանը։

Ըստ նախկին գանձապահի՝ իր բացատրությունից հետո իրեն ծեծի են ենթարկել. «Ծեծելով, վախեցնելուվ, ընտանիքիս սպառնալով, թե էս կանենք, էն կանենք և այլն, ստիպեցին, որ ես թուղթ ստորագրեմ, որ ես իրանցից փող եմ գողացել»։

Ըստ Բաղդասարյանի, այս ամենից հետո ամեն ինչ իր ձեռքից վերցրել են՝ և՛ տունը, և՛ համակարգիչների խանութի ապրանքները։ «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ այդ ժամանակ իրավապահ մարմիններին չի դիմել, Բաղդասարյանը պատասխանեց, որ վախեցել է։

«Իրանք իրանց բերանով են ասում՝ «մենք փող ունենք, ծանոթ էլ ունենք, ինչ ուզում ես գնա արա», - արձագանքեց նախկին գանձապահը։

Բաղդասարյանը նաև մայնինգ ֆերմաներ է ունեցել, ըստ նրա մի անգամ էլ սեփականատեր Հայրապետ Կարապետյանը, աշխատողներից մեկի և ոմն Սամվելի հետ նախկին գանձապահին տարել են այդ ֆերմաներից մեկը՝ կրկին գումար պահանջելու։ Բյուրականի պնդմամբ՝ այդ անգամ արդեն միայն ծեծով չեն սահմանափակվել և անցել են անմարդկային միջոցների:

«Կապեցին աթոռին ու սկսեցին բրիտվով...., հերթականությունը մանրամասն չեմ կարա ասեմ, որովհետև այդ պահին վիճակս էն չէր, դրանից հետո սկսեցին հոսանքով խփել, պահանջում էին, որ գնամ պապային համոզեմ էս տունը ծախի, գնամ աներոջս համոզեմ, որ ինքը իրա տունը ծախի, այսինքն փող էին ուզում», - ասաց նա։

Բաղդասարյանը շարունակում է պատմությունը՝ բիզնես վարկ է ձևակերպել գումար տալու համար, սակայն սեփականատիրոջը գումարի չափը չի բավարարել և իրեն կրկին ծեծի են ենթարկել:

«Ծեծելուց հետո Հայրապետ Կարապետյանը ինձ երկու-երեք օր ժամկետ տվեց, որ ես գնամ խելքս գլուխս հավաքեմ ու գամ նորմալ փող ասեմ, բերեմ, տամ իրանց, որ դրանից հետո ինձ ժամկետ տան մնացած փողի համար», - ընդգծեց Բյուրական Բաղդասարյանը։

Բաղդասարյանն ասում է՝ այս ամենից հետո եղբոր օգնությամբ փախուստի է դիմել, պնդում է՝ անձնագիրը ձեռքից վերցրել էին և թաքնվելու հնարավորություն միայն Հայաստանում կար:

«Փախնելուց հետո հա եկել են մեր տուն տնեցիքին վախացրել են, որ կգտնենք, կսպանենք, սկի չեն էլ իմանա, որ մենք ենք, երրորդ, չորրորդ մարդու կողմից։ Մինչև հեղափոխությունը, որ եղավ հա եկել են տուն, դրանից հետո չեն եկել», - պատմեց խանութի գանձապահը։

Շուրջ 1,5 տարի թաքնվելուց հետո Բաղդասրյանը որոշել է տուն վերադառնալ և իրավապահներին հայտնել իր պատմությունը։

Ի վերջո, քրեական գործ է հարուցվել միանգամից չորս հոդվածներով՝ ինքնիրավչության, հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, խոշտանգման, յուրացման կամ վատնման հատկանիշներով, քննչական կոմիտեից հայտնում են, որ գործն այժմ նախաքննության փուլում է, դեռ մեղադրյալ կամ կալանավորված չկա։

Սեփականատեր Հայրապետ Կարապետյանը կտրականապես հերքում է Բաղդասարյանի պատմածը, ասում է՝ Բյուրականի հանդեպ բռնություն չեն կիրառել։

«Սուտ ա ասում, ոնց կարանք մենք մարդ խոշտանգենք, 200 հոգուց ավել աշխատող ունենք, մարդ չենք խոշտանգել իրան ենք խոշտանգե՞լ», - ասաց Կարապետյանը։

Սեփականատիրոջ խոսքով՝ Բաղդասարյանն իրենցից իսկապես մեծ գումար է գողացել:

«Գողացած փողերով տուն էր առել, մի քիչ ապրանք բան էր առել, դրա մի մասն ա վերադարձրել», - նշեց Կարապետյանը։

Ինչու՞ ընկերությունը գողության փաստով իրավապահ մարմիններին չի դիմել, «Կերամա Մարացի»-ի համասեփականատիրոջ պնդմամբ, հենց Բաղդասարյանն է խնդրել խնդիրն իրար մեջ լուծել:

Բաղդասարյանի այն պնդմանը, թե եթե գողանում էր ապա ինչպե՞ս իրենք չեն նկատել Կարապետյանը հակադարձում է՝ Բյուրականի աշխատանքի տարիներին իրեն չեն ստուգել։ Իսկ ինչ վերաբերվում է Բաղդասարյանի ձեռքերի վրա առկա հետքերին, գործարարը պնդում է հենց ինքն է իրեն վնասել։

«Իրա ընկերոջ հետ ես եմ գնացել, իրան տենց վիճակով բերել օֆիս, ախպորն էլ կանչել, ասել եմ՝ ուզում եք տարեք հիվանդանոց, ուզում եք տարեք տուն», - ընդգծեց Կարապետյանը։

Կարապետյանը վստահ է, որ Բաղդասարյանն իրենից կատարած գողության համար պատասխանատվության է ենթարկվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG