Մատչելիության հղումներ

«Թեղուտ»-ում մտադիր են դատի տալ ամերիկյան խորհրդատվական ընկերության ներկայացուցչին


«Թեղուտ» ընկերությունը այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, որ դիտարկում են ամերիկյան խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Դավիդ Հալլմանին դատի տալու հավանականությունը, ով վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, թե Թեղուտի հանքավայրի պոչամբարում փլուզման վտանգ կա, և այն կարող է դիմանալ մինչև վեց ամիս։

«Մոտ 12 աշխատակից ունեցող Global Resource Engineering ընկերության ներկայացուցիչ Դավիդ Հալլմանը «Թեղուտ» ընկերության տարածքում ֆիզիկապես գտնվել է 5 օր՝ 2017 թվականի մայիսի 12-17-ը, և իր ծառայությունների դիմաց պատշաճ վարձատրվել է», - իր տարածած հայտարարության մեջ հայտնել է «Թեղուտ» ընկերությունը, չնշելով փորձագետի վարձատրության չափը՝ համարելով այն առևտրային գաղտնիք։

«Թեղուտ» ընկերությունն անցած շաբաթ պաշտոնական հարցում է ուղարկել ամերիկյան ընկերությանը՝ կապված Դավիդ Հալլմանի հարցազրույցի հետ՝ փորձելով ստանալ պատշաճ պարզաբանում, սակայն մինչ օրս պատասխանը ստացված չէ:

«Թեղուտ»-ից հավելել են, որ պաշտոնական հարցում են ուղարկել նաև բրիտանական ATC Williams ընկերությանը, որին որպես պատվարի անվտանգության ստուգման վերաբերյալ զեկույցի գլխավոր հեղինակ իր հարցազրույցում հղում էր կատարել ամերիկացի փորձագետը։ «Թեղուտ» ընկերությունը հրապարակել է բրիտանացիներից ստացված պատասխանը, ըստ որի Դավիդ Հալլմանը չի ունեցել համապատասխան թույլտվություն՝ իրենց անունն օգտագործելու կամ իրենց զեկույցի եզրակացությունների ամփոփ նկարագիրը հրապարակելու վերաբերյալ։

2017 թվականին Թեղուտի պոչամբարի պատվարն ուսումնասիրած ATC Williams-ն իր պատասխանի մեջ նշել է, որ «չի արել որևէ կանխատեսող հայտարարություն այն մասին, թե պատվարը «կգոյատևի վեց ամիս, այնուհետև կփլուզվի»: ATC ընկերությունից կասկած են հայտնել, որ լրատվամիջոցներին տված հարցազրույցում պոչամբարի պատվարի հնարավոր փլուզման մասին Դավիդ Հալլմանի խոսքերը «դուրս են բերվել համատեքստից»:

«Թեղուտ» ընկերությունը տարածած ծավալուն հայտարարության մեջ փաստարկներ է բերել՝ պնդելով, որ պոչամբարի վտանգավոր լինելու մասին հայտարարությունները հիմնազուրկ են։ Մասնավորապես ասված է, թե «փորձում են թյուրիմացության մեջ գցել հանրությանը՝ այդ կերպ արդարացնելով նախորդ սեփականատերերի կողմից «Թեղուտ» ՓԲԸ աշխատանքների դադարեցումը և ազդակիր համայնքների բնակչությանը անելանելի ծանր սոցիալական վիճակի մեջ գցելու փաստը»։

«Հարկ է նշել, որ 2018 թվականին ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը պոչամբարի հետ կապ չունեցող պատճառով», - հայտարարել է կես ամիս առաջ Թեղուտի հանքավայրը վերագործարկած ընկերությունն ու ավելացրել. «Առաջին անգամ պոչամբարի կայունության հնարավոր ռիսկի մասին նախկին ղեկավարությունը բարձրաձայնել է 2018 թվականի հուլիսին, երբ արդեն ակնհայտ էր, որ բանկը ստիպված է վերցնել ընկերության բաժնետոմսերը՝ նախկին սեփականատերերի կողմից իր առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով, իսկ պետական ատյաններին ընկերության գործունեության դադարեցման մասին նախկին ղեկավարությունն առաջին անգամ ծանուցել է նամակով՝ 2018 թվականի հունիսի 7-ին (դադարից 5 ամիս անց)՝ չնշելով պոչամբարի հետ կապված խնդիրը»:

«Թեղուտ» ընկերությունը տարածած հայտարարության մեջ նաև նշել է, որ «Վալլեքս» ընկերության պատվերով մասնագետների այցից մինչ այժմ «էականորեն փոխվել են այն հիմնական գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ պոչամբարի կայունության վրա»։ Ընկերությունը շեշտել է, որ «մոտ 1,5 տարի չշահագործված պոչամբարը և պատվարը ջրազրկվել են։ Արդյունքում պոչամբարի մակերևույթի ջրի մակարդակը նվազել է մոտ 6 մետրով»։ Հանքավայրի նոր ղեկավարները նաև շեշտել են, որ նախկին ղեկավարները տեխնիկական կանոնակարգի խախտումներ են թույլ տվել։

Կառավարությունից տարեկան մինչև 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման իրավունք ստացած ընկերությունը գործունեության յուրաքանչյուր տարում ընդերքից հանել և վերամշակել է առնվազն մեկ միլիոն տոննա ավելի հանքաքար, քան թույլատրված էր։ Արդյունքում գործունեության 2,5 տարիների ընթացքում, պոչամբարի մակարդակը նախատեսված 59 մետրի փոխարեն բարձրացել է 93 մետրով՝ ինչը 58%-ով գերազանցել է նախագծային ցուցանիշը:

Երկու օր առաջ էլ «Վալլեքս» խումբն էր հայտարարություն տարածել, որտեղ նշել էր, որ 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին միջազգային ճանաչում ունեցող երեք կազմակերպություններ ուսումնասիրել են պոչամբարի պատվարն ու եզրակացրել, որ «անհրաժեշտ է անհետաձգելի քայլեր իրականացնել Թեղուտի պոչամբարի պատվարի ամրացման և անվտանգության ապահովման ուղղությամբ», հակառակ դեպքում «կոմբինատի շահագործումը կառաջացնի պատվարի ինքնափլուզման իրական վտանգ»։

Հիշեցնենք, Թեղուտի լեռնահանքային համալիրը դադարեցրեց աշխատանքը 2018 թվականի հունվարին։ Նախ շահագործող ընկերությունը հայտարարեց, որ պատճառն ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությունն է, իսկ երկու ամիս անց, թե՝ պոչամբարում խնդիր կա և դադարը երկարատև կլինի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՎՏԲ բանկը «Վալլեքս» ընկերության մոտ 400 միլիոն դոլարի չվճարված պարտքի դիմաց առգրավել է հանքն ու լեռնահարստացուցիչ ֆաբրիկան։

Ընկերությանը հրապարակած տվյալներով նախկինում պարապուրդի մատնված գործարանն այսօր արդեն ունի մոտ 900 աշխատակից, որոնցից ավելի քան 90%-ը Լոռու մարզի բնակիչներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG