«Զե» ակադեմիա, կամ որտեղ են ամառային արձակուրդն անցկացնում Ուկրաինայի իշխող կուսակցության նորաթուխ պատգամավորները:
Սեպտեմբերի 6-ին՝ Ուկրաինայի նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկին ընդառաջ նախագահ Վլադիմիր Զելենսկին կուսակիցներին մեկշաբաթյա դասընթացների է ուղարկել՝ պետական-քաղաքական համակարգը սերտելու նպատակով:
1991 թվականից հետո առաջին անգամ Ուկրաինայի նախագահի առաջնորդած կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ստացել, խորհրդարանի 450 տեղերից «Ժողովրդի ծառա»-ին բաժին են հասել 254-ը: Չնայած այս պատկառելի թվին՝ իշխող ուժը, ընդդիմախոսների պնդմամբ, վստահություն չի ներշնչում, Զելենսկու կուսակիցներին քննադատում են քաղաքականապես անփորձ լինելու մեջ: Բանն այն է, որ խորհրդարան անցածներից շատերը նախկինում միանգամայն այլ ոլորտներում են աշխատել, քաղաքական համակարգից հեռու՝ հարսանեկան լուսանկարիչներ, հեռուստաաստղեր, ռեստորանային համալիրների սեփականատերեր, մարզիկներ: Ընդ որում՝ նրանց մեծամասնությունը երիտասարդներ են: Ուկրաինայի ողջ պատմության ընթացքում ամենաերիտասարդ պատգամավորը նախագահի կուսակից 23-ամյա Սվյատոսլավ Յուրաշն է, ով Մայդանի ցույցերի ակտիվիստներից է:
Սակայն, ինչպես ուկրաինական մամուլն է արձանագրում, եթե նախկին շոումենը կարողացել է զրոյից նախագահ դառնալ, ապա անփորձ երիտասարդներն էլ կարող են օրենսդիր դառնալ, բայց մինչ այդ պետք է վերադառնան դպրոց:
Նորընտիր օրենսդիրների քաղաքական գուրուն Տիմոֆեյ Միլովանովն է՝ Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարի տեղակալը: «Օրական 13 ժամ ինտենսիվ, դաժան և հագեցած դասընթացներ», - նկարագրել է պետական կառավարման մասնագետը երկրի պատգամավորների հետ ուսուցողական պարապմունքները սկսելուց առաջ:
Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները, որոնց մոտ 60 տոկոսը մինչ այդ չի էլ եղել օրենսդիր մարմնում, իսկ մեծ մասը երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ, հատուկ դասընթացների ընթացքում կուսումնասիրեն պետական պաշտոնյաների աշխատանքին առնչվող հարցերի շրջանակը՝ տնտեսությունից և ենթակառուցվածքներից մինչև անվտանգություն ու պաշտպանություն:
«Ազատության» ուկրաինական ծառայության թղթակիցն այցելել է երկրի արևմուտքում գտնվող Տրուսկավցե գյուղ, որտեղ օրենսդիրներն ուսումնական կուրսն են անցնում, և հարցրել նրանց՝ հնարավո՞ր է արդյոք մեկ շաբաթվա ընթացքում սերտել ուկրաինական տնտեսությունը, կառավարման համակարգը: «Մենք այդ ամենը սովորել ենք մեր ողջ կյանքի ընթացքում», - պատասխանել է իշխող ուժի պատգամավորներից մեկը: «Ոչ, յոթ օրվա ընթացքում կարծում եմ սովորել հնարավոր չէ, բայց կարելի է ավելի վաղ սովորածը համակարգային դարձնել», - պատասխանել է նորընտիր պատգամավորներից Օլեհ Վորոնկոն: