Մատչելիության հղումներ

Թրամփը խոստանում է ուսումնասիրել Նավալնիի հնարավոր թունավորման մասին լուրերը

Ընդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հիվանդանոցում, 29-ը հուլիսի, 2019թ․
Ընդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հիվանդանոցում, 29-ը հուլիսի, 2019թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լսել է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման մասին և խոստանում է ուսումնասիրել իրավիճակը:

Լրագրողների հարցին, թե արդյոք լսել է, որ ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդներից մեկին հնարավոր է թունավորել են՝ Թրամփը պատասխանել է․ - «Ես լսել եմ այդ մասին, ես չգիտեմ այդ մասին, բայց կուսումնասիրեմ»:

Մոսկվայի բանտերից մեկում 30 օրվա կալանքի դատապարտված Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է հուլիսի 28-ին առավոտյան, ըստ պաշտոնական վարկածի՝ եղնջացան ախտորոշմամբ:

Քաղաքական գործչի անձնական բժիշկ Անաստասիա Վասիլևայի խոսքերով Նավալնիի մոտ ախտորոշվել է մաշկաբորբ: Բժշկի կարծիքով մեկուսարանում կարող էր «քիմիական նյութ» լինել, որն էլ ալերգիկ դրսևորումների պատճառ է դարձել:

Ընդդիմադիր գործչի մերձավոր շրջապատում կասկածներ ունեն, որ ընդդիմության և իշխանությունների միջև աճող լարվածության ֆոնին Նավալնիին թունավորելու փորձ է իրականացվել:

Ինքը՝ Նավալնին, պնդում է, որ երբեք որևէ ալերգիա չի ունեցել: Ընդդիմադիր գործիչը, միևնույն ժամանակ, հակված չէ այն կարծիքին, թե ոստիկանները կարող էին թունավորել իրեն մեկուսարանում, բայց և չի բացառել, որ դա կարող էր անել կողմնակի անձ:

Այսօր Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկները հայտարարել են, որ ընդդիմադիր գործչի օրգանիզմում թունավոր նյութ չեն հայտնաբերել: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Տոկարևը հավաստիացրել է, թե ստուգումների արդյունքները հերքում են թունավորման վարկածը: Իսկ թե ո՞րն է քաղաքական գործչի հանկարծակի առաջացած առողջական խնդիրների պատճառը՝ մասնագետները չեն հստակեցնում:

Ալեքսեյ Նավալնիի հետ կապված այս միջադեպը հիշեցնում է 2017 թվականին նրա դեմ իրականացված հարձակումը քիմիական նյութով, որի հետևանքով ընդդիմադիր գործչի մոտ տեսողության խնդիրներ են առաջացել և միայն ամիսներ տևած բուժումից հետո, ընդ որում՝ արտասահմանյան հիվանդանոցներում, հնարավոր եղավ վերականգնել տեսողությունը:

Մամուլը նկատում է, որ ռուսաստանյան ընդդիմության ազդեցիկ առաջնորդի մոտ հաճախ առողջական խնդիրներ են առաջանում հատկապես այն ժամանակ, երբ կառավարությունը փորձում է մեկուսացնել Կրեմլի գլխավոր ընդդիմախոսին ներքաղաքական լարվածությունը մեղմելու նպատակով:

Նավալնին, հիշեցնենք, մեկամսյա կալանքի է դատապարտվել հուլիսի 25-ին՝ մոսկովյան Դումայի ընտրություններում անկախ թեկնածուների գրանցման պահանջով կազմակերպված ընդդիմադիր ցույցի նախաշեմին:

Անցած հանգստյան օրերին Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ բախվելով ոստիկանական բիրտ ուժի: Չնայած ցույցի նախաշեմին գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուները և գործիչները ձերբակալվել էին՝ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել հակակառավարական ցույցի: Իրավապահները ուժ էին գործադրել խաղաղ քաղաքացիների դեմ՝ տասնյակ ցուցարարներ կոտրվածքներ ու վնասվածքներ են ստացել, ավելի քան հազար մարդ բերման է ենթարկվել, ավելի քան 6 տասնյակը վարչական կալանքի է ենթարկվել, ավելի քան 160-ը՝ տուգանվել: Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգությունների, երեք գործ էլ՝ ոստիկանի դեմ բռնություն կիրառելու հոդվածներով, կան ձերբակալվածներ:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ շտապել է հայտարարել, որ տեղի ունեցածը «լավ նախապատրաստված զանգվածային անկարգություն էր»:

Ընդդիմությունը, սակայն, չի պատրաստվում ընկրկել: Ավելին՝ հայտարարել են առաջիկա օրերին կրկին փողոց դուրս գալու մտադրության մասին:

Բողոքի այս ցույցերի պահանջը մեկն է՝ թույլ տալ անկախ թեկնածուներին մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին: Ընտրական հանձնաժողովը հրաժարվել է սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին որպես թեկնածու գրանցել մոտ վեց տասնյակ ընդդիմադիրների։ Նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր են ճանաչվել։ Չգրանցված թեկնածուների աջակիցները հուլիսի 20-ին Մոսկվայում բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ: Սա վերջին տարիների ամենամարդաշատ ակցիան էր։ Բողոքի ակցիայից հետո Ռուսաստանի կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան խոստացել էր նորից ուսումնասիրել անվավեր ճանաչված ստորագրությունները։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG