Մատչելիության հղումներ

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնի մրցույթի շուրջ սկանդալ է հասունանում


Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի շենքը
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի շենքը

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, հայտնի արվեստի քննադատ ու համադրող Ռուբեն Արևշատյանը չեղարկել է իր մասնակցությունը օգոստոսի 2-ին նախատեսված մրցույթին՝ որպես բողոքի արտահայտություն: Ֆեյսբուքյան իր էջում ծավալուն գրառմամբ նա պնդել է՝ Վահագն Վերմիշյանի ղեկավարած Քաղաքաշինության կոմիտեն այս մրցույթը վերածել է թատրոնի, որի արդյունքները կանխորոշված են։

Ռուբեն Արևշատյանը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի սեպտեմբերից՝ այն ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի ղեկվար Ավետիք Էլոյանի կողմից: Խնդիրները սկսվել են երեք ամիս առաջ, երբ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար է նշանակվել Վահագն Վերմիշյանը, ով, ըստ Արևշատյանի, թայֆայական սկզբունքներով է առաջնորդվում։

Արևշատյանի խոսքով՝ կոմիտեի նախագահի հետ հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Վերմիշյանն իրեն առաջարկել է սառեցնել շփումները Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ, ում հետ Արևշատյանն ընկերական հարաբերություններ ունի, իսկ Վերմիշյանը՝ լարված: Սյս տհաճ խոսակցությունից մի քանի օր անց՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում քաղաքաշինության կոմիտեն աուդիտ է սկսել։ Ռուբեն Արևշատյանի խոսքով աուդիտը անցկացվել է հնարավորինս երկար և գրեթե կաթվածահար արել թանգարանի աշխատանքները: Իրենք ստիպված մի անգամ հետաձգել են «Վաղվա քաղաքը» խոշոր միազգային ցուցահանդեսի բացումը:

«Երեք ամսվա ընթացքում աշխատակազմը թանգարանի պարալիզված էր, քանի որ անց էր կացվում բավականին խիստ, էսպես ասած, խիստ աուդիտ, որը երկարացրեց իր աշխատանքի ժամկետը, կրկնակի երկարացրեց, և դա հիմնականում զուգադիպում էր «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսի ժամկետների հետ», - ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը։

Արևշատյանն ասում է՝ տնօրենի մրցույթից մի քանի օր առաջ ստացել է աուդիտի արդյունքը, թե ինքն է թանգարանի զարգացման հիմնական խոչընդոտը:

«Աուդիտը օգտագործում են որպես գործիք, ըստ իս, և վերջում եզրակացությունը, որը իրենք ներկայացրեցին, դա պարզապես զավեշտալի է, որտեղ սևը սպիտակով, այսինքն, գրված է, որ տնօրենը հիմնական խոչընդոտն է՝ խոսքը գնում է իմ մասին և խոսքը վերաբերում է աուդիտի այն ժամանակահատվածի մասին, որտեղ ես ընդամենը եղել եմ տնօրեն երեք ամիս։ Ես այդ խոչընդոտը վերացնում եմ», - նշեց Արևշատյանը։

Արվեստի քննադատն ասում է՝ իր մասնակցությունն այս պայմաններում իմաստ չունի, քանի որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ունի ցանկալի թեկնածու՝ ի դեմս Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի: Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը հակադարձում է՝ իր ցանկալի թեկնածու լինելու մասին խոսակցությունները ասեկոսեներ են:

«Ես կարծում եմ, որ դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ ասեկոսեներ, մյուս կողմից՝ ես հասկանում եմ, որ իմ մասնակցությունը մրցույթին արդեն ինչ-որ մոտեցումներ է առաջացնում մրցույթի այլ մասնակիցների մոտ։ Ես, ճիշտն ասած, նույնիսկ չգիտեմ՝ ովքեր են այդ մասնակիցները։ Բայց եթե ես էնքան ուժեղ թեկնածու եմ, որ արդեն խոսում են, որ ես ամենացանկալին եմ, ի՞նչ ասեմ, դա իմ ձեռքի գործը չի, դա ես չեմ արել։ Էս մրցույթին մասնակցելը ինձ համար բավականին դժվար որոշում էր։ Դժվար որոշում էր, որովհետև, դուք լավ գիտեք, որ ես մասնագիտությամբ լրագրող եմ, բայց պարզվեց, որ իմ հմտությունները, ունակությունները որպես լրագրողի այս երկրում պահանջված չեն, այլ դեպքում ես, իհարկե, արդեն վաղուց նորից աշխատելու էի իմ մասնագիտությամբ։ Եթե ես չկարողանալով աշխատանք գտնել իմ մասնագիտությամբ փորձում եմ հարակից մասնագիտություն և նման խոսակցությունների առարկա եմ դառնում, սա ինձ համար ավելի ցավալի է դարձնում այս ամբողջ գործընթացը», - ասաց Գրիգորյանը։

Քաղաքաշինության կոմիտեից մամուլի խոսնակ Ջեմմա Համբարձումյանն արձագանքեց՝ Ռուբեն Արևշատյանի գրառումը զրպարտանք որակելով:

«Ամբողջությամբ զրպարտանք է, քանի որ բոլորն էլ լավ ճանաչում են պարոն Վերմիշյանին և գիտեն, որ այդ բառապաշարը, որ մեջբերված է, պարոն Վերմիշյանի բառապաշարում չկա, իրականությանը չի համապատասխանում ու անհասկանալի է, որ ինչու են ինչ-որ մարդկանց անուններ շահարկվում, ինչ-որ բաներ։ Մի խոսքով անհասկանալի գրառում է, որը իրականությանը չի համապատասխանում», - ընդգծեց Համբարձումյանը։

Ռուբեն Արևշատյանն ասում է՝ իր բարձրացրած հարցը անձնական չէ, համակարգային է։

«Ես ասել եմ, ինչ ասել եմ, եթե իրանք դիտարկում են դա որպես զրպարտություն, թող հանդես գան հայտարարությամբ ուզում են դատական գործ հարուցեն զրպարտության համար, ինչ ուզում են անեն, դա, ճիշտն ասած, ինձ արդեն քիչ հետաքրքրող է։ Սա համակարգի դիմադրությունն է, սա լուրջ ավելի հարց է, քան պարզապես նեղ անձնային խնդիր է», - նշեց Արևշատյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG