Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան կրկին փոքր հեռահարության հրթիռներ է փորձարկել


Հարավային Կորեայի հեռուստատեսությամբ հաղորդում են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների փորձարկման մասին, Սեուլ, 31-ը հուլիսի, 2019թ․

Հարավային Կորեան պնդում է, որ այսօր վաղ առավոտյան Փհենյանը կրկին փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել, որոնք, 250 կիլոմետր ճանապարհ անցնելով, ընկել են Ճապոնական ծովը:

Սա արդեն երկրորդ նման միջադեպն է վերջին մեկ շաբաթվա մեջ՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին ու արգելանքներին: Ընդ որում, աշխարհի ամենառազմականացված գոտիներից մեկը համարվող թերակղզում իրավիճակը սրվում է Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջև տեղի ունեցած վերջին, պատմական հանդիպումից ընդամենը մեկ ամիս հետո:

Հունիսի 30-ին նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել էր հանդիպել Կիմ Չեն Ինին Հարավային ու Հյուսիսային Կորեաների սահմանին՝ Ապառազմականացված գոտում, դառնալով Ամերիկայի առաջին նախագահը, ով ոտք է դրել Հյուսիսային Կորեայի տարածք: Աննախադեպ այդ հանդիպումից հետո երկու առաջնորդները հայտարարել էին, թե համաձայնել են շարունակել բանակցությունները թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Շաբաթներ անց, սակայն, Փհենյանը զգուշացրել էր՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հայտնվել վտանգի տակ, եթե Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները ետ չկանգնեն օգոստոսին կայանալիք համատեղ զորավարժություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG