Մատչելիության հղումներ

Սուխումին մտադիր է վերագործարկել օդանավակայանը, Թբիլիսին պնդում է՝ դա անհնար է


Սուխումիի օդանավակայանում վայրէջք կատարած «Աէրոֆլոտ»-ի օդանավից ռուս զինծառայողներ են իջնում, օգոստոս, 2008թ․

Պաշտոնական Թբիլիսին վստահ է՝ Աբխազիայի իշխանությունները չեն կարող միջազգային չվերթներ իրականացնել Սուխումիի օդանավակայանից: «Եթե անգամ այդ օդակայանը վերագործարկվի, չի կարող ծառայել միջազգային փոխադրումների համար», - երեկ հայտարարել է Վրաստանի քաղաքացիական իրավահավասարության ու հաշտության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

«Սուխումիի օդանավակայանը չի կարող գործարկվել որպես միջազգային օդակայան, դա կդառնա միջազգային իրավունքի, ICAO-ի և Վրաստանի օրենսդրության խախտում», - ասել է Ցիխելաշվիլին:

Վրացի նախարարն ընդգծել է՝ Սուխումիում շատ լավ գիտեն օդակայանը գործարկելու անհնարինության մասին, սակայն համառորեն այդ մասին լուրեր են շրջանառում՝ առաջիկա նախագահական ընտրությունների շեմին քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով:

«Դա պոպուլիստական քայլ է, որը, կրկնում եմ, հակասում է օրենքներին ու միջազգային նորմերին: Այս փորձերով Աբխազիան ընդամենը է՛լ ավելի է ընդարձակում իր կախվածությունը Ռուսաստանից», - հայտարարել է վրացի պետնախարարը:

Սուխումիի օդակայանը փակ է ավելի քան 25 տարի՝ վրաց - աբխազական պատերազմից հետո: Այս ընթացքում այն մեկ անգամ է միայն օգտագործվել՝ 2008-ին՝ ռուս - վրացական կարճատև պատերազմի օրերին, երբ Սուխումիում վայրէջք կատարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովին փոխադրող ինքնաթիռը: Տևական ընդմիջումից հետո, սակայն, անցած ուրբաթ հարցը կրկին հայտնվեց օրակարգում: Աբխազիայի առաջնորդ Ռաուլ Խաջիմբան կառավարության նիստում հայտարարեց՝ Սուխումին պատրաստվում է վերակառուցել իր օդանավակայանն ու վերականգնել կանոնավոր չվերթները դեպի Ռուսաստան:

Թբիլիսիում պնդում են՝ այս հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են Ռուսաստանի օկուպացիոն քաղաքականության մասին:

«Եթե Ռուսաստանի և Սուխումիի միջև չվերթներ սկսվեն, դա ևս մեկ անգամ կընդգծի, որ հենց Ռուսաստանն է օկուպանտ երկիրը, և հենց այդ երկիրն է վերահսկում Վրաստանից բռնազավթված տարածքները», - երեկ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, ով ղեկավարում է Թբիլիսիի պաշտոնական պատվիրակությունը ռուս - վրացական ժնևյան բանակցություններում:

Վրաստանի արտգործնախարարությունը, իր հերթին, ընդգծել է՝ «օկուպացված տարածքների մասին վրաստանյան օրենքով Աբխազիայում և դրա օդային տարածքում արտակարգ դրություն է հայտարարված, հատուկ իրավական կարգավիճակ, որն արգելում է միջազգային չվերթների իրագործումը»:

Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել է 2008-ին: Չնայած Թբիլիսիի և միջազգային համայնքի քննադատություններին՝ Կրեմլը շարունակում է պնդել՝ այդ քայլն արտացոլում է առկա իրողությունները և վերանայման ենթակա չէ: Կրեմլից բացի Վրաստանից անջատված այս շրջանների անկախությունը մինչ օրս ճանաչել է միայն չորս երկիր՝ Վենեսուելան, Նիկարագուան, Սիրիան և աշխարհի ամենափոքր կղզի պետությունը՝ Նաուրուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG