Մատչելիության հղումներ

Հարկ վճարողների աճի ցուցանիշը վատ չէ, բայց ոգևորվելու համար վաղ է․ Սերգեյ Բագրատյան


Տեքստիլ գործարան Գյումրիում, արխիվ

Հայաստանում ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով՝ դառնալով ավելի քան 95 հազար, Ֆեյսբուքով երեկ հանրությանը տեղեկացրեց արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տնտեսական հեղափոխություն խոստացող կառավարության այս ցուցանիշը վատ չէ, բայց ոգևորվելու համար վաղ է, ասում է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ - «Այսինքն, եթե մենք իրապես ունենք 25 հազար նոր տնտեսվարողներ, որոնք իրական դաշտում են և ներառական նշանակություն կարող է ունենալ, դա շատ ողջունելի է։ Իսկ եթե ընդամենը վերաբաշխման արդյունքում կառուցվածքային փոփոխություն է՝ սա այլ իրողություն է։ Նույնպես դրական իրողություն է, բայց այլ իրողություն է։ Մեծ հաշվով, երբ ես նայում եմ, ասենք, ապրանքային շուկաները, չեմ տեսնում նոր խաղացողների ակտիվություն, դրա համար չեմ կարողանում հասկանալ, թե այս 25 հազարը ի՞նչ ոլորտում են գործում և որտեղ են երևալու նրանց ցուցանիշները»։

Հարկային դաշտ տեղափոխված 24 հազար հինգ հարյուր տնտեսվարողից 14 հազարը նոր գրանցված կազմակերպություններ են՝ մանրամասնում է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը և եզրահանգում՝ սա խոսում է բիզնես ոլորտում հետաքրքրության աճի մասին․ - «Սրա մասին են վկայում ինչպես նոր գրանցումները, որովհետև հասկանալի է, որ հենց ընենց տեղը չես գրանցվում, գրանցվում ես, որ ինչ-որ մի գործունեություն անես։ Սա նաև որոշակիորեն խոսում է ստվերի կրճատման մասին, որովհետև ակնհայտ է, որ այս ակտիվ հարկ վճարողների մեջ մի բանակ կար, որը նախկինում երևի թե գործունեություն իրականացրել ա, բայց գրանցված չի եղել, և հիմա, հավատալով կառավարության ասածներին, հիմա թափանցիկ դաշտ է տեղափոխվել, ինչն էլ հանգեցրել է նաև նրանց շրջանառության ծավալների նկատմամբ և համապտասխան նաև հարկային մուտքերի ավելացմանը»։

Ընդդիմադիր պատգամավորի ակնկալիքները խոշոր ներդրումների տիրույթում են, որն, ասում է՝ նկատելի չէ: Հիշեցնում է՝ իրենց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ հենց սա նկատի ունի՝ կառավարության տնտեսական գործունեությունը քննադատելիս:

«Քաղաքացու կյանքը փոխելու համար ագրեսիվ տնտեսական քաղաքականություն է հարկավոր», - ասում է Սերգեյ Բագրատյանը, - «Այսինքն, եթե մենք ուզում ենք զարգացումների նոր տեմպ, պետք է ագրեսիվ քաղաքականությամբ դա իրականացնենք։ Իհարկե՝ այս տեմպը բավարար չէ։ Եթե մենք ընդամենը ասում ենք այլևս հովանավորներ չկան և ինչ ուզում եք արեք, մուտքի խոչընդոտներ չկան՝ սա բավարար չէ։ Պետք է կարողանալ ակտիվացնել։ Այսինքն, օրինակ, պայմանական ասած՝ որևէ ապրանքատեսակ, եթե մինչև այդ եղել է 90 տոկոս, որ մի տնտեսվարող է այդ ապրանքի ներկրմամբ զբաղվել, պետք է կառավարությունն ի՞նչ անի, որպեսզի այլ խաղացողներ հանդես գան այնտեղ՝ պետք է քվոտավորի, պետք է տվյալ ապրանքային շուկան դասակարգի, որ որևէ մեկը 25 տոկոսից ավելի չկարողանա ներկրում իրականացնել»։

Իշխանական պատգամավոր Արտակ Մանուկյանը հակադարձում է փաստերով․ ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թվի աճի արդյունքում է նաև, որ կառավարությունը զինվորականների, ուսուցիչների աշխատավարձի, ինչպես նաև կենսաթոշակների բարձրացման քայլին գնաց․ - «Էդ հարկային մուտքերի մեծացման ֆոնին, երբ որ նախկինում այ էս հարկային եկամուտները, ըստ էության, ուղղվում էին տարատեսակ կոռուպցիոն ռիսկերով լեցուն շինարարական նախագծերին, որոնք իքսի փոխարեն երեք իքս էին նստում հարկատուի վրա և էն երկու իքսը գնում էր կոնկրետ մարդկանց գրպանը, հիմա այ էս հարկային եկամուտների ավելացմանը զուգընթաց լուծվում են սոցիալական խնդիրներ»։

ԲՀԿ-ական Բագրատյանը, թեև վարչապետի հրապարակած ցուցանիշը համարում է տնտեսական կյանքում տեղաշարժ, բայց ոչ բավարար քայլ՝ այս ոլորտը իր իսկ բնութագրած «մոլախոտերից» ազատելու համար․ - «Տնտեսության մեջ, ինչպես բնության մեջ, շատ մոլախոտեր կան, որոնք ժամանակին խաղացել են հովանավորության պայմաններում և մնացած մրցակիցներին դուրս են մղել։ Եվ շատ մեր հայրենակիցներ, որոնք ստեղծագործ միտք ունեին, արտագաղթել են և այլ երկրներում են տնտեսություն կազմակերպել։ Հիմա, ես սա համեմատում եմ․ երբ որ դաշտում մոլախոտերը շատ են և խեղդում են առողջ բուսականությանը, սկսում ես մոլախոտերը վերացնել։ Բայց որ մոլախոտերը վերացնում ես, դա բավարար չի՝ պետք է նաև նպաստես, ջրես, պարարտացնես, որպեսզի այլևս նոր մոլախոտեր չաճեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG