Մատչելիության հղումներ

Ուկրաինան կստեղծի ռուսալեզու նոր հեռուստաալիք


Ուկրաինայի նախագաահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագաահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն ասել է, որ Կիևը ցանկանում է ստեղծել ռուսալեզու հատուկ հեռուստաալիք, որի առաքելությունը կլինի հակազդել ռուսական քարոզչամեքենային: Ընդ որում, դա կլինի համաշխարհային հեռուստածրագիր:

«Մենք մշակում ենք ուկրաինական ռուսալեզու հեռուստակայանի նախագիծ, այն հասանելի կլինի ամբողջ աշխարհի ռուսախոսնեի համար», - ասել է Տիմոշենկոն:

Նրա փոխանցմամբ՝ ծրագիրը թույլ կտա հզորացնել Ուկրաինայի դիրքերը տեղեկատվական պայքարում և կընձեռի Դոնբասի գրավյալ տարածքների ու Ղրիմի բնակիչներին Կիևի վարած քաղաքականության մասին պատմելու հնարավորություն:

Զելենսկու թիմի նպատակն էր ստեղծել հատուկ պետական հեռուստաալիք, սակայն խնդրի շուրջ բանակցություններ կան նաև մասնավոր ներդրողների հետ: Նոր ալիքը կօգտագործի մասնավոր կայանների լավագույն արտադրանքը:

«Պետք է խոստովանենք, որ Ուկրաինան Դոնբասի գրավյալ տարածքներում և Ղրիմում այսօրվա դրությամբ գործնականում տանուլ է տվել տեղեկատվական պատերազմը: Բայց դեռ կա իրավիճակը փոխելու հնարավորություն», - ասել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Հուլիսի 16-ին Ուկրաինայում ուժի մեջ է մտել օրենքը ուկրաիներեն լեզվի բացառիկության մասին, որն ընդունվել և վավերացվել է նախորդ նախագահ Պետրո Պորոշենկոյի օրոք:

Ըստ այդ օրենքի, պետական և հանրային բոլոր կառույցները, այդ թվում՝ հեռուստաալիքները, պարտավոր են կիրառել միայն ուկրաիներեն լեզուն, օրենքը չի տարածվում մասնավոր շփումների և կրոնական արարողությունների վրա:

Մոսկվայում արդեն քննադատում են այդ ռուսալեզու հեռուստակայան ստեղծելու Կիևի նախաձեռնությունը և հենց լեզվի օրենքն են նշում:

«Խենթություն է: Միջոցներ են հատկացնում ռուսախոս լսարանին հասցեագրված հեռուստաալիքի համար այն դեպքում, եթե ռուսերենը կարելի է օգտագործել միայն մասնավոր շփումների կամ կրոնական ծիսակատարության ընթացքում», - Ֆեյսբուքի էջում գրել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Հեգնանք կա նաև աշխարհում ռուսական քարոզը տարածող հիմնական լրատվամիջոցի՝ «Ռուսաստանն այսօր» հեռուստացանցի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի արձագանքում:

«Միայն կարեկցանքի մասին ես մտածում, երբ Հայրենական Մեծ պատերազմից ավելի երկար տևող քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված, աղքատ և հյուծված երկրի նախագահը հրատապ է համարում նոր հեռուսաալիքի ստեղծումը», - ասել է Սիմոնյանը:

Ի դեպ, նախագահ Զելենսկին ասել է, որ ապագայում ռուսերենը կարող է հատուկ կարգավիճակ ստանալ Դոնբասում: Նրա համոզմամբ՝ «Ուկրաինայի միակ լեզուն ուկրաիներենն է, բայց երբ ավարտվի պատերազմը, Դոնեցկի բնակիչներին պետք է տալ նրանց ուզած լեզվով խոսելու հնարավորություն»:

2014 թվականին ռուսների կողմից Ղրիմը բռնակցելուց հետո Դոնբասում ուկրաինական բանակի և ռուս անջատականների միջև սկսված ու առայսօր չավարտված պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG