Մատչելիության հղումներ

Եթովպիայում մեկ օրում տնկել են 350 միլիոն ծառ


Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը, արխիվ:
Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը, արխիվ:

Բնապահպանական լուրջ խնդիրների առաջ հայտնված Հայաստանի համար ուշագրավ հաղորդագրություն հեռավոր Եթովպիայից․ այդ երկրում երեկ մեկ օրում տնկել են 350 միլիոն ծառ:

Աշխարհի կլիմայի փոփոխությունը և երկրի ներսում բնապահպանության առաքելության անտեսումը Եթովպիայում առաջացրել է լուրջ ճգնաժամ՝ անապատացում: Դրան է ուղեկցում մեկ ուրիշ պատուհաս՝ անտառազրկում:

ՄԱԿ-ի տվյալներով, 100 տարի առաջ անտառածածկույթը Եթովպիայում կազմել է ընդհանուր տարածքի 35 տոկոսը, մինչդեռ այսօրվա դրությամբ այն ընդամենը 4 տոկոս է:

«Շրջակա միջավայրի խնդիրն ունի համաշխարհային նշանակություն, բայց էլ ավելի հրատապ է կոնկրետ այս երկրի պարագայում: Եթովպիայում մեծ հարցերի ու հատկապես սովի հիմնական դրդապատճառը բնության ողբալի վիճակն է»,- ասել է Մերիլենդի նահանգի Սոլսբերի համալսարանի պրոֆեսոր, հողագետ, ծագումով եթովպացի Սամուել Գելետան:

Մեկ օրում 350 միլիոն ծառ տնկելու՝ ինչպես Եթովպիայում են ասում՝ «կանաչ արշավն» առաջնորդել է անձամբ երկրի վարչապետ Աբիյ Ահմեդը, ով կենտրոնական կառավարության և շրջանների վարչակազմերի պաշտոնյաներին հատուկ ազատ օր է տվել ծառատունկին մասնակցելու համար:

Իսկ ընդհանուր հաշվով այս աննախադեպ ծառատունկին Եթովպիայում մասնակցել է մեկ միլիոն կամավոր:

«Անտառազրկման արագությունը և անապատացման տարածումը գալիս են անտառներն անխնա ոչնչացնելու գործելակերպից: Ժամանակին այս երկիրն ուներ շատ հարուստ անտառներ, բայց հիմա ամեն ինչ ոչնչացրել են: Ուստի, այս արշավը կարող է տալ կորուստը վերադարձնելու հնարավորություն»,- ասել է Oromia Media լրատվական կենտրոնի խմբագիր Դեժենե Գուտիման:

Ի դեպ, ըստ հայ մասնագետների, անցած երեք տասնամյակում Հայաստանի անտառածածկույթի մեծ մասը ոչնչացվել է: Այսօր այն 7 տոկոսից էլ քիչ է:

Դե, իսկ Եթովպիայում ոչ միայն երազում են այն մասին, որ տնկիներն աճեն, անապատացումը կանգ առնի, և խիտ, ջահել, առողջ անտառները մաքրեն բնությունը, այլ նաև, որ մեկ օրում 350 միլիոն ծառ տնկելու նվաճումը կգրանցվի որպես աշխարհի նոր ռեկորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG