Մատչելիության հղումներ

Ստուգումներ մսի շուկայում․ պաշտոնյաները խոստանում են՝ խնդիրները կլուծվեն, երբ մորթը միայն սպանդանոցներում իրականացվի


Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմն այսօր կրկին Գյումրիի շուկայում էր: Եկել էին մսի վաճառքի կետերում առաջին այցից հետո արձանագրած խախտումների հետևից: Որոշվել էր, որ խախտումները չվերացրած տնտեսավորղների գործունեությունը պետք է կասեցվի: Ընդամենը մեկ կետ ինքնակամ դադրեցրել էր գործունեությունը, քանի որ չէր վերացրել արձանագրված խախտումը:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Գյումրիի շուկայի մսի վաճառքի կետերում տեսածը սարասափելի էր որակել:

«Առաջին անգամ սարսափելի պատկեր էր. սառնարանների բացակայություն, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում, շատ-շատ խնդիրներ, բայց հիմա ես համարում եմ, որ մենք արել ենք լավ աշխատանք, և արդյունքը բավականին լավն է։ Շատ կարևոր է, որ տնտեսվարողները նույնպես մեզ հետ համաձայնվեն, որ սենց պայմաններում ճիշտ չէ աշխատելը», - նշեց Ավետիսյանը։

Հիմա բոլոր մարզերում ստուգումներ են անցկացնում: Մսի շուկայում ամեն հարց կլուծվի հունվարի 15-ից, երբ արդեն մորթը պարտադիր սպանադանոցային պայմաններում կիրականացվի: Հիմա մորթի համար պատասխանատուն անասնաբույժն է:

«Եթե կա անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ, դա ենթադրում է, որ անասնաբույժի ներկայությամբ է արվել այդ մորթը և անասնաբույժը պատասխանատու է այդ կենդանու առողջ լինելու մեջ։ Երբ որ մենք անցնենք արդեն սպանդանոցային մորթերի, էդ դեպքում հա՛մ սերտիֆիկանտները էլեկտրոնային են տրամադրվում, հա՛մ անասնաբույժի առկայությունը թույլ կտան մեզ հավաստել թե՛ անվտանգությանը, թե՛ կենդանու կենդանի ժամանակ տարած հիվանդությունների մասով», - ընդգծեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։

Մսի որակը ստուգվում է լաբորատոր փորձաքննությամբ: Ի՞նչ երաշխիք կա, որ այդ փոձաքննությունն իրականացվում է լիարժեք և չի կրում ձևական բնույթ: Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գերոգի Ավետիսյանը հավաստեց հունվարի 15-ից փորձաքննության կարիք այլևս չի լինի:

«Որոշեցինք սա ավարտենք և դիտարկում բացենք այդ ոլորտում, մի հատ հասկանանք դրանք սանիտարական փորձաքննություն իրականացնող սահմանափակ պատասխանատվության ընկերություններ են, պետական կառույցներ չեն, հիմա դիտարկում կիրականացնենք իրանց մոտ, արդյունքների մասին կասենք։ Իրականում մենք էլ գիտենք դրա մասին, և մեքն էլ ունենք էդ ֆորմալ տարբերակի ինֆորմացիան, դրա համար ուզում ենք հասկանանք իրականացվում է, թե չէ։ Հավաստիացնում եմ ձեզ՝ հունվարի 15-ից այդ ֆորմալն էլ է կորելու, որովհետև տվյալ կազմակերպությունների կարիքը էլ չի լինի», - ասաց Ավետիսյանը։

Գյումրիում դեռ մի քանի տարի առաջ պետք է բացվեր մսի որակի վերահսկման լաբորատորիան:

Գերոգի Ավետիսյանը պնդում է, որ դա փուչիկ էր, որը պայթեց. «Լաբորատորին իրականում փուչիկ է եղել, որ բացվել է ժամանակին, այդ լաբորատորին պարզ էր, որ չէր գործելու։ Հիմնական սարքը, որ պիտի իրականացներ ընդեղ աշխատող չէր, մասնագետներ որպես այդպիսի չկային։ Այսինքն դա արվել է զուտ շոուի համար, ինչ-որ մարդկանց PR-ի համար, դրա համար այդ լաբորատորիան չի գործել»։

Վերջես Գավառի մանկատանը հայտաբերվել էր տհաճ հոտով միս: Գերոգի Ավետիսյանն ասաց, որ հիմա մանկատներում ու մանկապարտեզներում դիտարկումներ են անցկացնում: Գավառի մանկատան հետ կապված դեռ վերջնական որևէ բան չասաց, սպասում են ուսումնասիրության ավարտին, բայց խնդիր տեսնում է մատակարաների հետ:

«Մենք ունենք ոչ բարեխիղճ մատակարարներ, որոնց հետ հիմա մենք աշխատանք ենք տանում, շատերը, ինձ թվում է, կպատժվեն բավականին կոպիտ ու կհայտնվեն սև ցուցակում», - ասաց Ավետիսյանը։

Հարցին, թե տեսչական մամինն ի՞նչ պատիժ կարող է կիրառել տնտեսվարողի նկտմամբ, Ավետիսյանը պատասխանեց. «Սև ցուցակը արդեն հերիք է, մնացածի մասին վարչական վարույթի ընթացքում կպարզվի։ Մենք խիստ ենք լինելու շատ բոլոր նրանց նկատմամբ, մանավանդ, ովքեր մանկապարտեզներին կամ մանկատներին մատակարարում են էն, ինչ որ պիտի չմատակարարեն»։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ չափի տուգանք է սահմանվում, նա արձագանքեց. «Մեր մաքսիմալ տուգանքը 300 հազար է»։

Տեսչական մամինը կադրային խնդիր ունի: Հայստանում 160 տեսուչ ունեն, ասաց՝ շուտով թիվը կավելանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG