Մատչելիության հղումներ

Բացահայտվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք․ ԱԱԾ


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Հաղորդագության համաձայն՝ ՊԵԿ պաշտոնատար անձինք ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում թվացյալ խախտումներ չհայտնաբերելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջադրելու համար պահանջել են շուրջ երկու միլիոն դրամ կաշառք, որը սակարկությունների արդյունքում նվազեցվել է մինչև մեկ միլիոն դրամի: Պայմանավորված գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո պաշտոնատար անձինք բռնվել և բերման են ենթարկվել:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված պահանջներ են ներկայացրել՝ իրացման շրջանառությունը հիմնականում հաշիվ-ապրանքագրերով կազմակերպելու վերաբերյալ՝ սպառնալով հակառակ դեպքում բազմաթիվ ստուգողական բնույթի միջոցառումներ իրականացնել՝ ըստ էության ստեղծելով գործունեության անտանելի պայմաններ:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության երկու գլխավոր օպերլիազորները ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG