Մատչելիության հղումներ

Ջուզեպե Վերդիի «Օթելլո» օպերան կրկին կներկայացվի հայ հանդիսատեսին


արխիվային լուսանկար
արխիվային լուսանկար

Սեր, հավատարմություն, խաբեություն, դավաճանություն, զղջում՝ մարդկային այս զգացմունքների, հույզերի, կրքերի պոռթկուն երաժշտական արտահայտչաձևերով գրել իր նախավերջին, չորս գործողությամբ հանրահայտ «Օթելլո» օպերան իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Ջուզեպե Վերդին՝ Վիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգության հիման վրա: Օպերայի պրեմերան կայացել է 1887 թվականին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։

Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում «Օթելլոն» առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին, Արմեն Գուլակյանի բեմադրությամբ, Միքայել Թավրիզյանի ղեկավարությամբ: Օպերայի ազդագրերը տասնամյակներ շարունակ խորհրդային տարիներին ծանուցում էին, որ այն մշտապես ամենահաճախ ներկայացվող խաղացանկային բեմադրություններից մեկն է։ Դե իսկ անկախության տարիներին էլ՝ 1995 թվականին, օպերային թատրոնում Վերդիի այս հանրահայտ օպերան բեմադրեց Տիգրան Լևոնյանը՝ Յուրի Դավթյանի ղեկավարությամբ:

Եվ ահա ընդամենը մի քանի օր հետո, առաջիկա երկուշաբթի օրը՝ հուլիսի 29-ին մեր երաժշտասերները մեկ անգամ ևս կարող են վայելել օպերայի ունկնդրումը՝ այս անգամ արդեն Արամ Խաչատրյան համերգասրահում համերգային կատարմամբ, որը կներկայացնեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու անվանի մենակատարները, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, նաև Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի մանկական երգչախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ Էդվարդ Թոփչյանի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մենակատարների հետ միասին տարիներ շարունակ, պարբերաբար մեր երաժշտասերներին է ներկայացնում համաշխարհային օպերային արվեստի լավագուն գործերը հիմնականում համերգային, երբեմն նաև թատերականացված կատարմամբ:

«Օթելլոն» ևս դեռ 15 տարի առաջ ներկայացվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից համերգային կատարմամբ։ «Ազատության» հետ զրույցում Էդվարդ Թոփչյանը շեշտեց, որ կրկին հուլիսի 29-ին կրկին կհանդիպեն երկու հանճարները՝ Վիլյամ Շեքսպիրն ու Ջուզեպե Վերդին:

«Մենք ավարտում են հուլիսի 29-ին, Վերդիի «Օթելլո» օպերայի կատարումն է լինելու։ Համերգային կատարում, ֆանտաստիկ երգիչների մասնակցությամբ։ Սա կլինի մեր տարվա վերջին համերգը», - նշեց Թոփչյանը։

Գլխավոր դերերգերը կկատարեն անվանի օպերային արիստներ՝ Արսեն Սողոմոնյանը՝ Օթելլո, Հրաչուհի Բասենցը՝ Դեզդեմոնա, Անտոն Սարաևը ՝ Յագո: Օպերայի համերգային կատարմանը մասնակցում են նաև Նարինե Անանիկյանը, Պերճ Քարազյանը, Հայկ Թոնգուրյանը և այլք:

Էդվարդ Թոփչյանի համոզմամբ՝ պետական կառույցների կողմից շատ լուրջ քայլեր պիտի անել պահպանելու երաժշտական այն մշակույթը, որ ձևավորվել է ժամանակակից Հայաստանում և պահպանվում է մի քանի անհատների շնորհիվ:

«Եթե այդ անհատները չլինեն, դա էլ չի լինի, այսինքն մարդիկ, ովքեր իրանց կայնքը նվիրել են և իրենք պահանջը ունեն, որ դա լինի բարձր մակարդակի։ Պետք է մտածել և դա պետք է մի հոգով չանել, պետք է բոլորը անեն և սրտացավ ձևով և հանուն հայրենիքի, ինչպես ասվում է», - ընդգծեց Թոփչյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG