Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր թեկնածուին բազմոցի հետ դուրս են բերել Մոսկվայի ընտրական հանձնաժողովի շենքից


Ալեքսեյ Նավալնու կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի փաստաբան Լյուբով Սոբոլն այսօր հրավիրվել է Ռուսաստանի Քննչական կոմիտե: Երեկ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը նորից հրաժարվել է նրան որպես թեկնածու գրանցել սեպտեմբերին կայանալիք Մոսկվայի դումայի ընտրություններին: Երեկ գիշեր ոստիկանությունը նրան բազմոցի վրա հանել էր ընտրական հանձնաժողովի շենքից, այնուհետև կարճ ժամանակով բերման ենթարկել:

Սոբոլը երկու շաբաթ առաջ հայտարարել էր, թե հացադուլ է սկսում, քանի որ նրան չեն գրանցել որպես թեկնածու: Այսօր նա լրագրողներին պատմել է, որ իրեն վատ է զգում:

Մոսկվայի ընտրական հանձնաժողովի անդամ Դմիտրի Ռեուտը, մեկնաբանելով գիշերվա իրադարձությունները, ասել է, թե Սոբոլին ոչ ոք ձեռք չի տվել ընտրական հանձնաժողովի շենքում, պարզապես բազմոցը, որի վրա Սոբոլը նստած էր, անվտանգության ծառայությունը հանել է դուրս փայտոջիլներից և միջատներից մաքրելու համար: Սա միանգամից մեմ է դարձել և ռուսաստանցիները համացանցում ընտրական հանձնաժողովի անդամներին և ոստիկանությանը անվանում են միջատներ և փայտոջիլներ:

Սոբոլը, հիշեցնենք, երեկ ցերեկվանից նստած էր այդ բազմոցին և հայտարարում էր, որ չի գնա այդտեղից մինչև չհանդիպի Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի հետ: Սոբոլն ընտրական հանձնաժողով էր գնացել՝ պահանջելու վերանայել ընտրություններում առաջադրվելու համար իր ներկայացրած փաստաթղթերը:

Մոսկվայի դատախազությունն այսօր հայտնել է, որ վարչական հետաքննություն է սկսում տասնհինգ ընդդիմադիր թեկնածուների դեմ ապօրինի հավաքին մասնակցելու կոչերի համար: Խոսքը վաղը հուլիսի 27-ին Մոսկվայի քաղաքապետարանին հարող Տվերսկայա հրապարակում կայանալիք բողոքի հավաքի մասին է:

Սոբոլը, ինչպես և մյուս ընդդիմադիր գործիչները, ցանկանում էին մասնակցել սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին: Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նրանց ներկայացրած ստորագրությունների մի մասը անվավեր է: Ընդդիմադիրներն էլ ասում են, որ այս ստորագրությունները կեղծվել են ստուգման ժամանակ և որ սա Կրեմլի և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի որոշումն է՝ թույլ չտալ, որպեսզի ընդդիմադիր գործիչները մասնակցեն Մոսկվայի ընտրություններին, քանի որ նրանց հաղթելու շանսերը մեծ են:

Հիշեցնենք, անցած օրերին Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել կամ բերման է ենթարկել մի շարք ընդդիմադիրների, խուզարկել նրանց տները: Հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 30 օրվա ազատազրկման:

Վաղը՝ հուլիսի 27-ին, ընդդիմադիրները պատրաստվում են բողոքի չարտոնված երթ կազմակերպել Տվերսկայա փողոցում և հրապարակում: Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին դուրս չգալ ապօրինի հավաքին:

Չգրանցված թեկնածու, հայտնի ընդդիմադիր Դմիտրի Գուդկովը, ում այսօր հարցաքննել են Քննչական կոմիտեում ընտրական գործընթացներին խոչընդոտելու քրեական գործի շրջանակներում, այսօր մոսկվացիներին նորից կոչ է արել վաղը դուրս գալ Տվերսկայա հրապարակ: Գուդկովը հավելել է, թե ինքն անպայման վաղը կլինի քաղաքապետարանին հարող հրապարակում, եթե, իհարկե, ազատության մեջ լինի:

Ռուսաստանցի մի շարք հայտնի մտավորականներ դատապարտել են ընդդիմադիրներին չգրանցելու՝ Մոսկվայի ընտրական հանձնաժողովի որոշումը: Փորձագետներն էլ խոսում են Մոսկվայի դումայի պատճառով առաջացած լուրջ ներքաղաքական ճգնաժամի մասին:

Հայտնի փորձագետներ Ալեքսանդր Կնյովը, Արկադիյ Լյուբարևն ու Անդրեյ Մաքսիմովը այսօր զեկույց են հրապարակել, որում պնդում են, թե քաղաքապետարանի աջակցությունը վայելող թեկնածուները իրականում չեն հավաքել անհրաժեշտ ստորագրությունները, համոզված լինելով, թե դրանք լրջորեն չեն ստուգվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG