Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ի վճռից հետո «Իմ քայլ»-ի պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի կայացրած վճռից հետո Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հանցագործության մասին հրապարակային հաղորդում է ներկայացրել:

«Պատրաստվում եմ հարցում անել, թե այդ դեպքերի առթիվ ժամանակին որևէ քննչական գործողություն կատարվե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ ընթացք է ունեցել, եթե կատարվել է և եթե՝ ոչ, ապա նորից այդ գրառումը ես պատրաստվում եմ ուղարկել իրավապահ մարմիններն և առաջարկել, որպեսզի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության արժանացնեն նշված փաստական հանգամանքները», - ասաց Ջուլհակյանը։

Ստրասբուրգյան դատարանի վճիռը վերաբերում է Բուզանդի 13 հասցեի նախկին բնակչին, ում տունն ու հողատարածքը գերակա շահ էր ճանաչվել Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին։ Եվրոպական ատյանը կառավարությանը պարտավորեցնում է 1 միլիոն 608 հազար եվրո վճարել Յուրի Վարդանյանին։

2000-ականների սկզբներին պետությունը Վարդանյաններին շուկայականից մի քանի անգամ ցածր արժեքով փոխհատուցում էր տրամադրել տան համար, իսկ հողատարածքի համար գումար չէին տվել՝ պատճառաբանությամբ, թե դա Վարդանյանների սեփականությունը չէ։

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հաղորդման հիմքում «Հետք» պարբերականի դեռևս 2012 թվականին հրապարակած հոդվածն է։ «Հետք»-ին գործարար Պավել Անդերսոնը պատմել էր, թե Բուզանդի 13-20 հասցեներում կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար կաշառել է քաղաքապետարանի ներկայացուցիչներին, նաև Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին ու Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարեն Դավթյանին։ Բուզադնի 13 հասցեում կառուցապատում իրականացրած Անդերսոնն ասել էր նաև, որ Յուրի Վարդանյանի գործի շրջանակներում 5000 դոլար կաշառք է վերցրել դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Հենց այդ դատավորի վճռով էլ Յուրի Վարդանյանը զրկվել է հողամասի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ժամանակին հաղորդում է ներկայացրած եղել, բայց որքանով հասկացա որևէ գործողություն այդ առումով չի արվել», - ընդգծեց Ջուլհակյանը։

Բուզանդ 13 հասցեում նախկինում 1500 քառակուսի մետր հողատարածքից բացի մեկհարկանի տուն է եղել, այդ և հարևանությամբ գտնվող տարածքները դեռ խորհրդային իշխանությունները ցանկացել են վերցնել։ Հիմա նույն այդ հասցեում 16 հարկանի բազմաբնակարան շենք է։

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով. «1985 թվականի օգոստոսի 26-ին որոշվել է այդտեղ կառուցել Լենինի կենտրոնական թանգարանի մասնաճյուղ Երևանում, պաշտոնական անունն այդպես է, և սկսվել է այդ տարածքի իրացումը»։

Երևանաբնակ Վարդանյանի սեփական և արդար դատաքննության իրավունքների խախտումը ստրասբուրգյան դատարանը ճանաչել էր դեռ երեք տարի առաջ: 2016-ի վճռում ՄԻԵԴ-ը ընդգծել էր՝ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը։ Նման գործերով զբաղվող փաստաբան Արա Ղազարյանի խոսքով՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթրակելու վաղեմության ժամկետն անցել է, սակայն ամերիկահայի ներկայացրած տեղեկությունների հիման վրա հնարավոր է նոր քրեական գործ հարուցվի։

«Մի մարդ, որը խոստովանում է, որ ինքը կաշառք է տվել, այսինքն ինքն էլ է հանցագործություն կատարել, նման հայտարարությունները հիմք են հետաքննություն անելու համար և պարզելու, թե համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, հանցակազմ կա՞, թե՞ ոչ և եթե, այո, քրեական գործ պետք է հարուցվի», - ասաց Ղազարյանը։

Արա Ղազարյանի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս Մարդու իրավունքների եվրոպական դատարանից մի քանի վճիռ էլ սպասվում է ընդդեմ Հայաստանի, որոնք կրկին վերաբերում են Հյուսիսային պողոտայի կառուցման հետևանքով սեփականությունից զրկված բնակիչներին։

«400 քառակուսի մետր հողատարածք է, հենց Հյուսիսային պողոտայի կենտրոնում։ 400 քառակուսի մետր տարածքը նախկին քաղաքապետի կողմից օտարվել է մեկ քառակուսի մետրի գնով, այսինքն օտարվել է 2000 դոլարով», - նշեց փաստաբանը։

Մինչ այս Վարդանյանների վճիռը, ՄԻԵԴ-ն արդեն 9 վճիռ է կայացրել Հայաստանի դեմ՝ Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչների գանգատների հիմքով։ Բյուջեից 324 հազար 581 եվրո է տրամադրվել բնակիչներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG