Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղար․ Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև որոշակի խնդիրներ են եղել


Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև որոշակի խնդիր են եղել, սակայն դրանք այլևս անցյալում են՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Բարձրաստիճան պաշտոնյան հրաժարվեց մանրամասնել՝ ի՞նչ խնդիրներ են եղել, ովքե՞ր են կանգնած եղել այդ խնդիրների հետևում և ինչպե՞ս են լուծվել այդ խնդիրները:

«Երևան – Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին գտնվում են շատ լավ վիճակում: Որոշակի խնդիրներ եղել են, բայց այդ խնդիրները արդեն անցյալում են», - հայտարարեց ԱԽ քարտուղարը:

Լրագրողները խնդրեցին Գրիգորյանին մանրամասնել՝ ի՞նչ խնդիր են եղել: - «Խնդիրների մասին խոսվել է և՛ հրապարակային, և՛ քննարկումներ են եղել հանդիպումներում», - արձագանքեց նա: Լրագրողների փորձերին՝ հստակեցնել կոնկրետ ի՞նչ խնդիրներ նկատի ունի, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ «հրապարակային ինչ կա՝ դրանք»:

Այս փետրվարին, պաշտոնական այցով գտնվելով Իրանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ․ - «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:

Պատմությունն իր զարգացումն ունեցավ, երբ մայիսին՝ կառավարությունում իշխանության տարբեր ճյուղերի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրած հանդիպման ժամանակ, վարչապետ Փաշինյանն էլ ավելի կոշտ հայտարարություն արեց, թե նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, անգամ որոշ տարածքներ հանձնել և տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա․ - «Դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:

Մոտ երկու շաբաթ անց՝ լրագրողների հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը որոշակի փակագծեր բացեց․ - «Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞՝ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում»:

Հայաստանի վարչապետի այս հայտարարությունից ընդամենը օրեր անց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

«Ոչ թե անվտանգության խորհրդի նիստի մասին է խոսքը եղել, այլ մի ուրիշ հանդիպման մասով, որին հիմնականում ներկա էին անվտանգության ոլորտի պատասխանատուները: Այս առումով նոր բան չեմ կարող ասել, նաև մյուս հայտարարության մասով նոր բան չկա ասելու: Բնականաբար մեր օրակարգում է, ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին, փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս բացառենք որևիցե նման ուղղությամբ զարգացումներ և այս պահին բանակը և անվտանգության ուժերը ամբողջովին պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած առաջադրանք կատարելու և այս պահին այդ սպառնալիքը մինիմումի է հասցված», - նշեց Գրիգորյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ «ինչ֊որ քայլ ձեռնարկո՞ւմ եք դավադիր ուժերի հայտնաբերման համար», ԱԽ քարտուղարը պատասխանեց․ - «Բնականաբար անվտանգության կառույցները դրանով զբաղվում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG