Մատչելիության հղումներ

Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին


Իրակլի Օքրուաշվիլի, արխիվ
Իրակլի Օքրուաշվիլի, արխիվ

Վրաստանի իրավապահները ձերբակալել են երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին՝ անցած ամիս տեղի ունեցած բողոքի ցույցերի գործով: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է զանգվածային բռնություններ կազմակերպելու, առաջնորդելու կամ դրանց մասնակցելու մեջ:

Խոսքը մասնավորապես հունիսի 20-21-ը Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի փողոցում տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիայի մասին է, որի մասնակիցները, ըստ պաշտոնական Թբիլիսիի, փորձել են գրավել խորհրդարանի շենքը:

Օքրուաշվիլիի մեղքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում:

Տվյալ գործով ընդհանուր առմամբ 17 մարդ է ձերբակալվել:

Միխեիլ Սաակաշվիլիի նախկին մերձավոր զինակիցը, «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկը համարվող Իրակլի Օքրուաշվիլին երկար դադարից հետո քաղաքական դաշտ է վերադարձել Վրաստանում 2020 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Սաակաշվիլիի նախագահության տարիներին նա ղեկավարել է նախ Ներքին գործերի, ապա՝ Պաշտպանության նախարարությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG